ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԵՖԱԿՏԸ ՄԱՐՍԻ ՎՐԱ

1976-ին «Վիկինգ-1» եւ «Վիկինգ-2» տիեզերական սարքավորումները, որոնց նպատակը Մարսի վրա կյանք հայտնաբերելն էր, բազում նկարներ հաղորդեցին Մարսի մակերեւույթից եւ ուղեծրից:
Այդ նկարներից մեկում մի բլուր կար, որը շատ նման էր մարդկային դեմքի. այն հետագայում անվանակոչեցին «մարսյան սֆինքս»: Շատերը անմիջապես վարկածներ առաջ քաշեցին նրա արհեստական ծագման մասին, իբր այդ մարդու դեմքով սարը ստեղծվել է անհետացած մարսյան քաղաքակրթության կողմից, որը կամ ոչնչացել է, կամ էլ պատսպարվել է Մարսի ընդերքում:

Այդ թեմայով նույնիսկ գեղավեստական ֆիլմեր նկարահանվեցին, ինչպես օրինակ‘ «Արշավախումբ դեպի Մարս»-ը: Հետագայում տիեզերական այլ սարքերի օգնությամբ նույն վայրում կատարված նկարների մեջ, կարծես թե այդքան էլ ակնհայտ չէր մարդկային դեմքի հետ եղած նմանությունը, եւ գիտնականները ընդունեցին, որ դա ոչ թե դեմք է, այլ սովորական բլուր, որը նմանվել է դեմքի՝ արեւի ճառագայթները որոշակի անկյան տակ ընկնելու պատճառով:

Եվ ահա բոլորովին վերջերս, «Սպիրիթ» (հոգի) մարսագնաց ավտոմատ սարքը Մարսի մակերեւույթից երկիր է հաղորդել մի առեղծվածային առարկայի նկար, որը ՆԱՍԱ-ի գիտնականների շրջանում խառնաշփոթ է առաջացրել: Հակառակ գիտնականների պնդումների, այլ մոլորակային քաղաքակրթությունների գոյությանը հավատացողների շրջանում այդ նկարը մի նոր ոգեւորության առիթ է հանդիսացել: 2007-ի վերջին ստացված այս պատկերի վրա գիտնականները տեսել են մի տարօրինակ մութ առարկա, որը զարմանալիորեն իր ուրվագծերով հիշեցնում է մարդկային մարմին:

«Սպիրիթ» մարսագնաց մեքենան «Օփորթունիթիի» (հնարավորություն) հետ միասին արդեն չորս տարի է, ինչ հետազոտում է Մարսի մակերեւույթը եւ մինչ այսօր այդպիսի տարօրինակ առարկաների պատկերների չէին հանդիպել: Գիտնականները կարծում են, որ այդ առարկան կարող է լինել սովորական քար՝ նկարահանված անսովոր անկյունից, կամ օպտիկական խաբկանք: Մանավանդ որ մարսյան նկարների հետ կապված այդպիսի դեպքեր արդեն եղել են մի քանի անգամ:

Եվ չնայած Մարսի վրա կորուսյալ քաղաքակրթության հետքեր հայտնաբերելու ցանկությունը մեծ է, սակայն պետք չէ ամեն մի անհասկանալի բան ընդունել ցանկալիի տեղ:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards