ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ էլեկտրական իմպուլսները ի վիճակի են «արթնացնել» ուղեղը, եւ մարդուն կյանքի վերադարձնել անգիտակից վիճակից: Ուժեղ էլեկտրական խթանումից հետո 38-ամյա հիվանդը նորից կարողացել է խոսել, ծամել, խմել բաժակից, մի խոսքով՝ կյանք է վերադարձել:

Մինչ այս գիտափորձը‘ այդ նույն հիվանդը կարողանում էր միայն շարժել աչքերը եւ մատները: Ուղեղի մեջ տեղադրված էլեկտրոդների օգնությամբ բժիշկները կատարել են էլեկտրախթանում (էլեկտրաստիմուլյացիա): Նախկինում այս մեթոդը կիրառվել է դողը, որ առաջացել էր Պարկինսոնի հիվանդության պատճառով, բուժելու համար: Այս մեթոդը բավականին նուրբ է, քանզի այն կիրառելու համար անհրաժեշտ է ոսկերչական ճշգրտությամբ ներդնել էլեկտրոդները ուղեղի որոշակի տիրույթների մեջ:

Հիվանդը, որի վրա փորձարկել են էլեկտրաստիմուլյացիան, գիտակցությունը կորցրել էր վեց տարի առաջ, երբ ենթարկվել էր դաժան ծեծի: Այդ պատճառով նա ստացել էր ուղեղի ծանր վնասվածքներ եւ փաստացի հասել էր կոմայի վիճակի:

Սովորաբար այդ վիճակներում հիվանդները երբեմն-երբեմն գիտակցության նշույլներ են դրսեւորում: Առաջին իսկ գիտափորձից արդեն 48 ժամ հետո հիվանդը կարողանում էր աչքերը բաց պահել երկար ժամանակ, գլուխը թեքել եւ նույնիսկ առանձին բառեր արտասանել: Իսկ մի քանի սեանսից հետո նա արդեն ավելի բարդ գործողություններ էր կատարում: Օրինակ‘ սանրվում էր ինքնուրույն, ճիշտ է, մի քիչ դժվարությամբ, քանի որ շարժման ֆունկցիան խախտված էր։ Եթե առաջ նա ուտելիք էր ստանում հատուկ խողովակի օգնությամբ, ապա մի քանի սեանսից հետո արդեն ինքնուրույն ճաշում էր:

Արդեն իսկ հաջող փորձեր են անցկացվել 12 հիվանդների վրա, ինչի արդյունքում այս մեթոդը խոստանում է լայն կիրառություն ստանալ: Եթե հետագա փորձերը հաջող ընթանան, ապա անկողնուն գամված, անգիտակից հիվանդների վերակենդանացման նոր հորիզոններ կբացվեն: Գիտնականների խմբի ղեկավար, նյարդաբանության դոկտոր, պրոֆեսոր Նիկոլաս Շիֆը ասում է, որ եթե նախկինում նմանատիպ հիվանդների բուժումը կասեցվում էր, ապա այս մեթոդը, հաջող փորձերի դեպքում, հնարավորություն կտա շատերին առողջացնել եւ նույնիսկ այն աշխարհից հետ բերել:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards