Դարերի Համար…

Աստված շատ շռայլ է գտնվել Հայ ժողովրդի հանդեպ` բոլոր դարերում պարգ¨ելով արվեստի տաղանդավոր մշակների, հանճարներ երկնելու Արարչագործ շնորհով օծելով Հայոց արգանդը բեղուն:
Հիրավի, թե’ գրականության (պոեզիայի, արձակի), թե’ թատրոնի, թե’ նկարչության, թե երաժշտության, թե՜ գիտության բնագավառներում երբ¨է ամայի չի եղել մեր անդաստանը, ուր իրենց անջնջելի հետքն ու ձեռագիրն են թողել մեր մեծերը, որոնցից այսօր մեր կողքին ապրում էր նրանցից մեկը` ճանաչված դերասան, ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, ով իր 80-ամյա հանդիսություններից հետո, իր տան դռները բացեց, հյուրընկալեց ինձ, Համո Սահյանի բանաստեղծություններից մեկի` Աբաջյանական ինք-նատիպ մեկնությամբ.

…Աշխարհում միշտ բաց են եղել,Դռներս կրնկի վրա…

Ու  ծայր առավ մեր զրույցը Հայ բեմի Տերերից մեկի հետ, ով իր ապրած կյանքի, ոսկե հասակն ու իմաստուն տարիները ի տրիտուր նվիրել է ար-վեստին ¨ իրեն ծնող` հայ  ժողովրդին:

-Վարպեևտ, ե՞րբ եք առաջին անգամ ոտք դրել թատրոն:

-9-ը տարեկան էի, երբ առաջին անգամ թատրոն մտա: Գյումրիում էր, Մռավյանի անվան թատրոնում: Չգիտեի, ի՞նչ է թատրոնը, ի՞նչ է ներկայացումը, ի՞նչ տեսակ մարդիկ են դերասանները:
Նայում էի նրանց, լսում էի ու չէի հասկանում` ինչ են խոսում: Երբեմն կանգնում էի փողոցում.և նայում էի, թե դերասաններն ինչպես են թատրոն գալիս, հետո էլ` գնում տուն:Չէի էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր թատրոնն ու բեմն են դառնալու իմ կյանքի իմաստը, իմ հանգրվանը, իմ երկրորդ տունը: Եղբայրս` հայտնի թատերագետ Գևորգ Աբաջյանը, այդ ժամանակ թատրոնում էր` դերեր էր խաղում, գրում սցենարներ:
..Չզարմանաք, բայց ես դպրոցից հետո ընդունվեցի Գյուղատնտեսական ուսումնարան:Այդ ընթացքում երբեմն արտասանում էի, լսողները խոր-հուրդ էին տալիս գնալ Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Եվ գնացի:Իմ առաջին ուսուցիչները դարձան Արմեն Գուլակյանն ու Վարդան Աճեմյանը` տաղանդավոր, հրաշալի մարդիկ, ում աշակերտելը մեծ պա-տիվ ու բախտավորություն եմ համարում:

-Ո՞րը եղավ առաջին դերը , որը Ձեզ ճանաչում բերեց:

-Շիրվանզադեի ,Նամուսում ես խաղացի Սեյրանի դերը:Դա իմ առաջին լուրջ դերն էր, որի փայլուն խաղն էլ ինձ ճասնաչում բերեց:Շատ դերեր եմ խաղացել թատրոնում, նկարահանվել եմ մի շարք  ֆիլմերում` “Լալվարի որսը, Սայաթ-Նովա, Մխիթար Սպարապետ”, բոլորն էլ հաջողված ֆիլմեր էին, բայց առաջին դերը, առաջին լուրջ հաջողությունը մնում է մի ուրիշ, անկրկնելի բարձունքի վրա:

-Ո՞վ է եղել Ձեր ամենամեծ քննադատը, Դո՞ւք…

-Չէ˜, իմ ամենամեծ, անաչառ քննադատը եղել ւ մնում է կինս` Նելին, ով Թատերական ինստիտուտում 20 տարի,Դերասանի վարպետություն էր դասավանդում ¨ Ազգային ռադիոյի երկարամյա ռեժիսորներից է, դերա-սանուհի:

-Ձեր կյանքի գրեթե բոլոր տարիներին Դուք նա¨ ասմունքել եք թե՜ բեմերում, թե՜ հեռուստատեսային ¨ ռադիոհաղորդումների ընթացքում, ի՞նչը Ձեզ ուղղորդեց դեպի ասմունք:

-Ասմունքն էլ դերասանինն է. պարզապես այստեղ դու մենակ ես, ան-կախ, կարողանում ես քո նախընտրած գրողների, նախընտրած բա-նաստեղծություններով, հոգումդ եղածը հաղոդել մարդկանց, հենց դրա համար էլ ասմունքը սկսեց շատ մեծ դեր զբաղեցնել իմ կյանքում:
Ես մտածեցի, որ ասմունքի, պոեզիայի  միջոցով կարող եմ ավելին ասել, քան ներկայացումների ժամանակ:

…Եվ  ո”ւմ, ո՞ր հեղինակին նախընտրեցիք Ձեր ասելիքը հաղոր-դելու համար:

-Շռայլ է հայ պոեզիան, հրաշալի բանաստեղծներ ունենք, ինձ համար դժվար չէր ընտրություն կատարել, սակայն, այնուամենայնիվ, շատ եմ սիրում Նարեկացի, Սայաթ-Նովա, Թումանյան, Չարենց, Իսահակյան, Դանիել Վարուժան, Ռուբեն Ս¨ակ, Մեծարենց, Սիամանթո, Պ. Ս¨ակ, Համո Սահյան, Գ. Էմին, Ս. Կապուտիկյան, Շիրազ:
Ս¨ակի հանդեպ մի ուրիշ, ընդգծված վերաբերմունք ունեմ. շատ եմ սիրել Ս¨ակ մարդուն  ¨ բանաստեղծին: Միշտ հանդիպում էինք մեր տանը, երկար զրուցում: Ս¨ակի մահն ինձ համար դաժան ողբերգություն էր:Նա մեծ բանաստեղծ է,  մեծ մարդ էր. քանի˜-քանի˜ հոգու է ձեռք մեկնել, օգնել դժվար պահերին:Իր պոեզիայի մեջ շռայլ ¨ վարարուն էր հոգին:

-Ո՞ր գործն եք շատ սիրում Ս¨ակից ¨ շատ եք հնչեցրել:

-,Մարդ կա ելել է շալակն աշխարհի…, այս գործով այնքա˜ն բան ես ասում…

-Վարպե’տ, ո՞ր դերն եք երազել խաղալ ամենից շատ, սակայն դա միայն երազանք է մնացել:

-Շեքսպիրի  Օթելլոն,  Լիր Արքանե,  Ռիչարդ 3-րդը,  չթողեցին խաղամ, չստացվեց…

-Վերջին անգամ ե՞րբ եք եղել բեմում:

-Իմ 80-ամյակի օրը: 80-ամյա  հոբելյանս  մեծ  շուքով  նշվեց Հայ ֆիլհար-մոնիայի դահլիճում, Սունդուկյան թատրոնում, Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային բալետի ¨ օպերայի թատրոնում:

-Ո՞վ է Ձեզ համար հայ ամենամեծ դերասանը:

-Շատ մեծեր ունենք, բայց ինձ համար մեծերի մեծը եղել ¨ մնում է Վահրամ Փափազյանը, նա¨ Հրաչյա Ներսիսյանը: Փափազյանը հրաշալի դերասան էր, դերասան-հոգեբան, նա¨ լավ գիտեր իր արժեքը:Նրանից սովորեցի ճիշտ արտասանել, ճիշտ մատուցել հեղինակին, նրա գործերը:
-Ես բախտ ու երջանկություն եմ ունեցել Հանրային հեռուստատե-սությունում 30 տարիների իմ աշխատանքային գործունեության ըն-թացքում հանդիպել հայ մեծ գրողներ Հովհ. Շիրազին, Համո Սահյանին, Հրանտ Մաթ¨ոսյանին, Ս. Կապուտիկյանին, Վահագն Դավթյանին ¨ ուրիշ-ներին, ինչպես նա¨ հայ բեմի վարպետներից Սոս Սարգսյանին, Վարդուհի Վարդերեսյանին, Մելինե Համամջյանին, Խաչիկ Նազարեթյանին …
Ի՞նչ հիշողություններ ունեք 80-ական թվական-ներից:

-Դրանք հրաշալի տարիներ էին, որոնց սկիզբը սկսվել էր 70-ականներից, զարթոնքի տարիներ էին: Արվեստը, մշակույթն իրենց գագաթ-նակետին էին:Հեռուստատե-սությունը մեն էր ¨ հեղինակա-վոր: Հիշում եմ հեռուստաթա-տրոնը, “Հայ գրականության դասականներ, ,Հայ քնարեր-գության մարգարիտներ, ,Պոեզիայի ժամ, ,Պոեզիայի ակնթարթներ” հաղորդաշա-րերը, որոնց հաճախ էի մասնակցում: Մթնոլորտը հագեցած էր պոեզիայով:
Երաժշտական հաղոդումներ կային, հրաշալի հայկական
ֆիլմեր, բալետ, օպերա…Այդ տարիներին եթերից հնչող պոեզիան մի ողջ սերունդ կրթեց հայեցի նկարագրով ու մտածողությամբ. երիտասարդները, եթե անգամ չկարդային, հրաշալի գիտեին մեր դասական-ներին:Հեռուստատեսությունը մի մեծ, յուրօրինակ ու անփոխարինելի դպրոց էր այդ առումով:

-Այսինքն, փոխվել է կյանքը, կյանքի ընթացքը, նոր ժամա-նակներ, նոր մոտեցում ամեն ինչին…

-Արվեստին, մշակույթին բոլոր ժամանակներում պիտի երկյուղածորեն, խոնարհումով, զգույշ մոտենալ, չավերել եղածը, չպղծել, պահել, պահ-պանել լավագույն ձեռքբերումներն ու ավանդույթները:

-Վարպե՜տ, ծնվել եք Շիրակ աշխարհում, սովորել, աշխատել ու ապրել եք Գյումրիում, ինչո՞ւ չմնացիք Գյումրիում, Գյումրիի թատրոնում:

-Այո՜, գյուղից գնացի Գյումրի, Գյումրիից Եր¨ան եկա, եկա Մեծ թատրոն, Մայր թատրոն` Սունդուկյան:
Մի քանի անգամ գնացել եմ Գյումրի, փորձել եմ մնալ, սակայն իմ ման-կության, պատանեկության տարիների հին Գյումրիից, իմ տեսած Գյում-րիից ոչինչ չկար, դրա համար էլ մնացի այստեղ:

-Կարո՞ղ եք ապրել օտար երկրում:

-Շա˜տ-շա˜տ եմ եղել արտասահմանում, ունեցել եմ նա¨ շատ հրա-վերքներ, սակայն երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր լքել իմ Հայրենիքը: Շատ եմ սիրում  Հայաստանը, ուրիշ երկիրն իմը չէ, իմն այս մի բուռ հողն է, այստեղ է իմ տունն ու միակ հանգրվանը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ասմունքողներին:

-Շատ կարդալ, խորքով ճանաչել բանաստեղծին, հետո ձեռք մեկնել նրա գործերին, ասմունքել այն, ինչը հասկանում են:Գործեր կան, որոնց համար տարիք ¨ իմաստնություն է պետք, հարկավոր է շատ հասուն լինել` որոշ բանաստեղծների մոտենալուց առաջ, ամենակար¨որը` հիշել, որ ասմուն-քել չի նշանակում անընդհատ գոռալ:

-Դժվար չէ, երբ մի հարկի տակ մի քանի արվեստագետներ են հավաքվում, ավելին` ապրում…Վլադիմիր Աբաջյան, Նելի Հարութ-յունովա, Նանար Աբաջյան, Լիլիթ Աբաջյան, Աննա Տայան…

-Ինչ-որ տեղ դժվար է, սակայն մենք շատ ինքնուրույն ենք, մեկս  մյուսի վրա այդ առումով ճնշում չենք գործադրում: Դուստրս` Նանարը, ինքն է ընտրում, մշակում իր ծրագիրը, ունի իր ուրույն մոտեցումը, թոռնուհիս` Աննան, հրաշալի արտասանում էր,  բայց ամուսնացել է ¨ այժմ բնակվում է Կանադայում: Մյուս աղջիկս` Լիլիթը, թարգմանչուհի է:

-Ձեր գերդաստանում է՞լ ովքեր են  արվեստի աշխարհում:

-Երջանկահիշատակ եղբայրս` ճանաչված թատերագետ Գ¨որգ Աբաջյանը, եղբորս կինը` մեծ դերասանուհի Վարդուհի Վարդերես-յանը: Գ¨որգ Աբաջյանը թե¨ իմ ամենաառաջին քննադատն էր, սակայն շա˜տ խելոք մարդ էր, ազատ էր թողնում, որ մարդն ինքն իրեն կարողանա դրս¨որել:Մեծ եղբայրս` Վաղարշակ Աբաջյանը, հայտնի բժիշկ էր, Գյումրիի 3-րդ հիվանդանոցը նրա անունով է կոչվում: Մկրտիչը` մյուս եղբայրս, ճարտարագետ էր: Միայն ես եմ մնացել, երկու քույրերս էլ չկան:    -Վարպե՜տ, ի՞նչի  համար եք ափսոսում:

-Ձեր հարցին Իսահակյանի բառերով պատասխանեմ`
-Չարածներիս համար պիտի ասեմ` հազա˜ր, ափսոս:
Ափսոսում եմ չխաղացածս դերերի համար. ամեն մի դերը մի կյանք է, անցած կյանքիս համար, հայի լավագույն տեսակի կորստի համար, ափ-սոսում եմ, որ արվեստի մեծերը քչանում են ու շարունակողները` էլի մեծեր, չկան…Չթողեցին բացվեն, ներկայանան ժողովրդին:
Շատ բան կարող էի անել…Հիմա` էլ ժամանակ չկա˜:
Ափսո˜ս, կյանքս անցավ:Այն ինձ համար ¨ ոչ միայն ինձ, այլ¨ իմ սերնդի, նույնն է եղել` թանկ ¨ մնում է անփոխարինելի: Ոչ ոք չի կարող կանգնեցնել կյանքի ընթացքը:

-Ո՞ր թվականի սերունդն է եղել Ձեզ համար ամենալավը:

-Ամեն մի հին ու նոր սերունդ ունի իր բացասական ¨ դրական կողմերը, արժանիքներն ու թերությունները: Ինձ համար ամենալավը եղել է իմ սերունդը` 50-60-ականների սերունդը:
-Ըստ Ձեզ` լավագույն ռեժիսորը:  ավ
ա -Միանշանակ, Վարդան Աճեմյանն էր:Նրա մոտ հնարավոր չէր չաշխատել, ծուլանալ կամ` վատ խաղալ: Երջանիկ են այն դերասանները, ովքեր անցել են Աճեմյանական դպրոցով, որի ինքնատիպ կնիքը միանգամից զգացվում է:

-Վարպե՜տ, տիկին Նելիի հետ փոքրիկ դավ ենք նյութել Ձեր դեմ…Պարզվում է, որ Դուք նա¨ գրել եք բանաստեղծություններ դեռ¨ս 50-ական թվականներին: Դեղնաթերթ մի նոթատետր ու մի քանի գողտրիկ սիրային ¨ փիլիսոփայական բանաստեղծություններ` գրված Վլադիմիր Աբաջյանի գեղեցիկ, համաչափ ձեռագրով:
Անամոք վշտիս ծով ցավերի մեջ,
Անցած օրերիս կարոտն է տանջում,
Գիշերում այս մութ, լուռ ու դյութական
Դեպի անծանոթ ուղիներ կանչում:                         1957

Երջանկություն, սեր, երդում,
Ողջը փող է մեր դարում,
Փողն է կուռքը աշխարհի,
Դրանով է նա կանգուն:

Կարծում էիր դու սակայն,
Թե փառք ու փող կունենամ
Արտիստի մերկ մի գրպան,
Քեզ ողջունեց լռելյայն:

Քո հույսերից, սիրելի՜ս,
Մնաց միայն տառապանք,
Անհանգրվան մի տանջանք
Անապահով տխուր կյանք…
…Արտիստի մերկ մի գրպան:

-Լա՞վ եմ գրել:

-Հրաշալի՜, կարող էիք  ¨ բանաստեղծ դառնալ, կեցցե’ տիկին Նելին, որ այսպես խնամքով պահել է այդ նոթատետրը:

,Ինչո՞ւ խաղացի…
Բախտն ինձ վիճակեց մի լավ դեր խաղալ`
Հերոս սիրահար, սիրուց զրկված,
Արցունք թափեցի ես բեմի վրա
Կորած սիրածիս հավատի համար…

Կյանքում ես երկա˜ր, շա˜տ տառապեցի,
Զրկված սիրուց, փայփայող սրտից`
Հարց էի տալիս ինձ ամեն անգամ`
Այս դերը բեմում ինչո՞ւ  խաղացի…

-Ձեր բանաստեղծությունների տակ նշված է թիվը` 1957 և Բաքու…
Ինչո՞ւ Բաքու, աշխատո՞ւմ էիք այնտեղ, թե՞ գործուղման էիք մեկնել:

-Գործուղումների էի մեկնել Սունդուկյանի անվան թատրոնի հետ, ազատ րոպեներիս ստեղծագործում էի:

-Վարպե’տ, ես երբ¨է չեմ լսել Չարենցի , “Խմբապետ Շավարշը” հրաշալի ստեղծագործության` Ձեր կատարման նման մեկ ուրիշ կատարում. հիշում եմ` իմ հաղորդումներից մեկի ժամանակ էր, ամբողջովին կերպարանափոխվեցիք, ասես վերացաք իրական աշխարհից ու մեր ժամանակից, Դուք ավարտել էիք ասմունքել, իսկ մենք համրացել էինք, նույնիսկ` մի քիչ վախեցել…

Դա պատահականությո”ւն էր, թե՞ միշտ եք այդպիսին Ձեր դերի մեջ:

-Միշտ եմ այդպիսին եղել, այդ գործն ինձ մեծ հնարավորություն է տվել բացվելու, տարածվելու:Ես ինքնամոռացության մեջ եմ լինում ասմուն-քելիս:

-Ի՞նչ կոչումներ, պարգ¨ներ, շքանշաններ ունեք:

-Շատ են պարգ¨ները, շքանշանները, շնորհակալագրերը:Սկզբում ստա-ցել եմ Սովետական Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում, հետո` ԽՍՀՄ-ի: Մի մեծ, շա˜տ մեծ կոչում ունեմ` ամեն ինչից վեր` իմ ժողովրդից, իմ հանդիսատեսից ստացած անկեղծ սիրո կոչումը:

-Փորձե՞լ եք սցենարներ գրել, մոտենալ դրամատուրգիայի ժան-րին:

-Այո՜, սակայն դրանք կյանքի չեմ կոչել:

-Սիրված դերասան Վլադիմիր Աբաջյանի սիրած դերասանը…

-Ֆրունզիկը` Մհեր Մկրտչյանը, Արծրուն Մանուկյանը, երկուսն էլ չկան ցավոք:
Լավ դերասաններ, լավ խաղընկերներ շատ եմ ունեցել, երևի հիմա էլ կան, ես չեմ ճանաչում նորերին:

-Սիրած երգը…

-Թումանյանի ,Ախ ինչ լա˜վ են սարի վրա…ե երգը, Կոմիտասի բոլոր երգերը:

-Սիրելի փողոցը Երևանում:

-Աբովյան փողոցը, սիրում եմ քայլել դանդաղ ու նայել մարդկանց, որովհետ¨ Համո Սահյանի բառերով ասած`
….Որքան էլ ինձնից հեռացել.
Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,
Մարդի՜կ, ինձ շատ եք չարչարել,
Բայց էլի դուք լա՜վն եք, մարդի՜կ,
Ասում եմ որերո˜րդ անգամ`
Առանց ձեզ ոչ միայն ապրել,
Ես մեռնել չեմ կարող անգամ:
Ահա նկարագիրը (թե¨ ոչ ամբողջական) տաղանդավոր մի դերասանի, ասմունքողի, ով կարող էր լինել և՜  թատրոնի գլխավոր ռեժիսոր, և՜ տնօրեն (այդ առաջարկներից հրաժարվել է` մտածելով, որ ինքը փափուկ բնա-վորություն ունի), սակայն իսկական արտիստին բնորոշ` նա եղավ ¨ մնաց բեմի գերին ու Տերը` դարերի համար ստեղծած իր` Աբաջյանական ուրույն դերերով, կերտած կերպարներով:

Կարինե Ավագյան

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards