Վահե Կարապետյան

Վահե Կարապետյան

«Զգույշ եղեք ինքներդ Ձեր հանդեպ,
որպեսզի չկորցնեք ինչ որ վաստակեցիք,
այլ ստանաք բովանդակ վարձը»

Աստվածաշունչ

Քաղաքական, հասարակական անցուդարձի վերլուծաբանները, արվեստսգետները քննարկում եւ գնահատում են ժամանակի քաղաքական, հասարակական անցքերը, տնտեսական զարգացումն ու անկումը , ստեղծված մշակութային արժեքները: Հետագայում սակայն, պատմությունն է, որ ճշգրտում, վերագնահատում եւ իրապես արժեւորում է դրանք:

Շատ անգամ մենք ապրում ենք կողք կողքի անհատների հետ, ովքեր ընթացք են տալիս հսկա գործի՝ խոր ակոս դնելով պատմության մի էջում: Մեր ժամանակակցի գործունեությունը ընկալում ենք որպես նրա առօրյա աշխատանք, չզգալով, որ նա այսօր ապագայի ճանապարհն է սկսում, որի արդյունքը բեկումնային է լինելու իր ժողովրդի համար: Արված եւ նախատեսվող գործերի վերագնահատումը կրկին թողնելով պատմությանը, «Մոլորակը» ծրագրում է պարբերաբար ներկայացնել գնահատելի այն անձնավորություններին, ովքեր ի նպաստ մեր ժողովրդի այսօր կերտում են նրա վաղվա օրը, ազգի ճակատագիրը իրենց կյանքի անքակտելի մասը համարելով:

Ահավասիք՝ Վահե Կարապետյան: Ծանոթանալու եւ ընթերցողին ներկայացնելու հետաքրքրությունը ծնվեց նրա հեղինակած «Բացահայտում» հեռուստահաղորդաշարի մի քանի հաղորդումներ դիտելուց հետո: Հեռարձակվում է մի հաղորդում ուր կա յուրաքանչյուր քննարկվող խնդրի համակողմանի ու անկողմնակալ, հավատ ներշնչող, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնող վերլուծություն:

Վահե Կարապետյանը ծնվել է Բեյրութում /Լիբանան/: 1946 թվականին Խորհրդային Հայաստան մեկնող հայրենադարձների առաջին քարավանների հետ հայրենիք է ներգաղթում նաեւ Կարապետյան ընտանիքը: Երեւանում Վահեն ստանում է միջնակարգ կրթություն: Այնուհետեւ, ուսումը շարունակում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում / ներկայումս Ճարտարագիտական համալսարան/: 1965 թվականին նրանց ընտանիքը բնակության է տեղափոխվում Բաքու /Ադրբեջան/, որտեղից էլ երկու տարի հետո ճանապարհվում է Ֆրանսիա: Տարագիր հայի հայրենիքի փնտրտուքը Կարապետյաններին կրկին վերադարձնում է Բեյրութ: 1968-ին նրանք վերջնականապես հաստատվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կրելով գաղթականին ուղեկցող բոլոր դժվարությունները՝ նոր տուն, աշխատանք, անծանոթ միջավայրում հարմարվելու տագնապի ու օտարության զգացում, ընտանիքն աստիճանաբար գտնում է իրեն: Բնակություն են հաստատում Հոլիվուդում եւ երեք օր հետո ընտանիքի մայրը եւ երկու զավակները՝ Վահեն եւ եղբայրը, անցնում են աշխատանքի: Առաջին գլխավոր քայլն արված էր եւ անորոշության ու վախի զգացումն աստիճանաբար տեղի էր տալիս, վստահություն ներշնչում: Հինգ տարի հետո Վահե Կարապետյանն արդեն կարողանում է իր սեփական գործի առաջին հիմնաքարը դնել, որն օրեցօր կատարելագործելով եւ զինելով ամենաառաջավոր սարքավորումներով վերեածում է բեռնատար ավտոմեքենաների արդիական, հսկա արտադրամասի: Վերջին տարիներին արտադրամասը մասնագիտացել է արտակարգ իրավիճակների ծառայությունների համար նախատեսված ավտոմեքենաների / SWAT/ արտադրության մեջ:

Տարբեր երկրներում բնակվելը, տարբեր ազգերի ու մշակույթների հետ շփումը հայրենասեր անհատի հոգում չեն խաթարում ազգային ինքնագիտակցության, ազգային դիմագծի պահպանման անհրաժեշտության բարձր չափանիշները: Գործնական աշխատանքին համընթաց պարոն Կարապետյանը նաեւ ազգանպաստ, բարեգործական գործունեություն է ծավալում:

Նախորդ դարի 70-ականների սկզբին Հաոլիվուդում աստիճանաբար ավելի մարդաշատ էր դառնում հայկական համայնքը՝ համալրվելով Ռումինիայից, Իրաքից, Իրանից գաղթած հայերով: Ազգապահպանման խնդրի լուծումը միակամության ու համախմբվածության մեջ տեսնելով՝ համայնքի առաջնահերթ նախաձեռնությունը եկեղեցու ու դպրոցի հիմնումն էր:

Ասում են՝ կայանքի ճանապարհ կա, որ եկեղեցի է տանում: Իր ազգին ծառայելու խորը համոզվածությամբ՝ Վահե Կարապետյանն, իր համախոհների հետ, այդ ճանապարհը սկսեց հենց եկեղեցու կառուցմամբ:
Հոլիվուդում հիմնադրվում է Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին: Վահե Կարապետյանը՝ գործուն մասնակցության համար, հրավիրվում է լինելու եկեղեցու օծման կնքահայրը: «Ես հուզմունքով ընդունեցի այդ առաջարկը՝ ի հիշատակ հանգուցյալ ծնողներիս, -հիշում է պարոն Կարապետյանը: -Խորհրդային Հայաստանում ուսանելիս ես դաստիարակվել էի աթեիստական գաղափարախոսությամբ եւ, երբ հայրս կարդում էր Աստվածաշունչը, ես հեգնում էի նրան: Առիթը կայացել էր, որ ես՝ իմ հոր եւ մոր հիշատակին, աստվածահաճո գործ անեմ»: Եկեղեցու կնքահայր լինելը պարտավորեցնող էր եւ նա իր պարտքը համարեց ֆինանսավորել եկեղեցու խոհանոցի ողջ կահավորումը:

Համայնքին անհրաժեշտ էր բարեկարգ հայոց կրթօջախ, հայալեզու սերունդը պետք է մեծանար արժանավայել ուսումնական հաստատությունում: Ձեռնամուխ եղան Ռոզ եւ Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի կառուցմանը: Չորս ամիս թողնելով անձնական գործերը՝ պարոն Կարապետյանը նվիրվել էր շենքի շինարարության աշխատանքներին: Եւ, ուսումնական տարվա սկզբին իր դռները բացեց Ռոզ եւ Ալեքս Փիլիպոս դպրոցը: Կրթական համակարգի զարգացմանն աջակցելը մշտապես եղել է Վահե Կարապետյանի գործունեության շրջանակում: Նա Հայ կրթական հիմնադրանի ամենահին անդամներից է:

Ազգօգուտ գործունեությունը պարոն Կարապետյանին Հոլիվուդից բերեց Գլենդել՝ այս քաղաքը եւս հայաշատ էր դառնում: Այստեղ եւս անհրաժեշտ էր իմ բերել ուժերը, նպաստել հայության համախմբմանը եկեղեցու շուրջ: Նա բազմաթիվ ձեռնարկների հեղինակ ու կազմակերպիչ է դառնում, ընտրվում հոգաբարձու:

Ազգանպաստ գործունեությունը, բարեգործությունը Կարապետյան-հայի կյանքի մշտական ուղեկիցներն են: Նա մշտապես ներդրումներ է կատարել հայ համայնքի բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը , բազմաթիվ նվիրատվություններ է արել:

Նա անմասն չի մնացել նաեւ հայրենիքում իրականացվող գործերից:
Մեծ նվիրաատվություն է արել Գորիս – Ստեփանակերտ ճանապարհի շինարարության իրականացման համար: Վահե Կարապետյանը կնքահայրն է Արցախում հիմնադրված Սուրբ նահատակաց եկեղեցու օծման, որը կառուցվել է ի հիշատակ Լաչինի պաշտպանության համար զոհված 43 ազատամարտիկների:

Իսկ, ի՞նչն առիթ դարձավ հեռուստատեսային գործունեության:
-Ես ցավ էի զգում, երբ դիտում էի Հայաստանը պախարակող, միակողմանի դիտարկումներով հաղորդումները, որոնցով ողողված է հեռուստաեթերը -ասում է Վահե Կարապետյանը: -Եւ որոշեցի սկսել մի հաղորդաշար, որն անկողմնակալ կլինի ներկացվող թեմաների շուրջ: Այս է ասում նաեւ հաղորդման անվանումը՝ «Բացահայտում», այսինքն փորձենք բացահայտել իրականը, վերլուծենք արավածն ու չարվածը, հասկանանք իրական պատճառները: Հաղորդումների հիմնական թեման մեր հայրենիքն է՝ 15-ամյա Հայաստանի Հանրապետությունը: Նրա զարգացումը դանդաղ է առաջ ընթանում, այնտեղ կան թերացումներ, դժվարություններ, բազմաբնույթ խոչընդոտներ, բայց կան նաեւ ձեռքբերումներ, կա լավը, այն նույնպես տեսնել եւ ներկայացնել է պետք: Դատափետել բոլորն են կարող:

«Բացահայտում» հաղորդման հեղինակն առաջարկում է իրատես լինել եւ գիտելիքներն ու միջոցները համատեղելով փորձել օգտակար լինել մեր հայրենիքին: «Մենք ենք նրա տերը: Մենք պետք է սատար կանգնենք նրան, -ասում է պարոն Կարապետյանը: -Այլապես, միայն վատաբանելով, մենք ավելի ենք կորցնում: Նման վերաբերմունքը ծնում է հիասթափություն, ազգային ինքնքգիտակցության անկում: Ազգային հպարտ ինքնագիտակցության զարգացումը պետք է զարգացնել ու ի սփյուռս աշխարհի տարածել Մայր Հայաստանից»:

Հաղորդաշարը միայն լրատվական-վերլուծական բնույթ չի կրում, այն նաեւ կոչված է համատեղելու հայ ժողովրդին «Հայոց համաշխարհային գործակցություն» կառույցի շուրջ: Կառույցի նպատակն է համատեղելու բոլոր կարող ուժերին՝ հայ կամ այլազգի, ովքեր պատրաստ են ներդրումներ անելու Հայաստանում եւ ուղղորդել դրանք ճիշտ նպատակին, հանակարգել ներդրումային գործընթացը: Պարոն Կարապետյանը նշեց, որ Երեւանում, արդեն, ստեղծվել է «Հայոց համաշխարհային գործակցություն» կառույցի ստեղծման եւ գործունեության մեխանիզմները հետազոտող մարմին: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ժամանակ, առանձին մարդկանց քրտնաջան աշխատանք, բազմապիսի գործնական կապեր, բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղում եւ ամենակարեւորը ժողովրդի հավատն ու աջակցությունը:

Բարի երթ…..

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards