ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ
ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ — ՍՈՒՐԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ
ԳԵՂԱՄ սարկավագ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դեկտեմբերի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Հիսուս Քրիստոսի առաքյալներ սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի հիշատակության օրը: Շուրջ 19 դար շարունակ Հայոց Եկեղեցին տոնախմբում է հիշատակությունը Տիրոջ հավատարիմ եւ նվիրյալ այս առաքյալների, ովքեր Տիրոջ համբարձումից հետո գալով Հայաստան աշխարհ‘ Տիրոջ Ավետարանի լույսը տարածեցին Հայոց աշխարհում‘ դառնալով Հայոց երկրի առաջին լուսավորիչները: Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների‘ Հայաստանում քարոզչության մասին մենք տեղեկանում ենք ինչպես հայ մատենագրությունից, այնպես էլ հունական եւ ասորական աղբյուրներից:
Ոսկեդարյան պատմիչ Մովսես Խորենացու վկայությամբ, երբ Աբգար թագավորը, որ տառապում էր անբուժելի հիվանդությամբ, իմանալով Տիրոջ կատարած բազում հրաշագործությունների մասին, պատգամաբերներ է ուղարկում Հրեաստան, որպեսզի Քրիստոս գա եւ բժշկի իրեն: Սակայն, ի պատասխան Աբգարի, Փրկիչը խոստանում է իր համբարձումից հետո իր առաքյալներից մեկին ուղարկել նրան բժշկելու: Տիրոջ համբարձումից հետո‘ շուրջ 34-35թթ., Տիրոջ 12 առաքյալներից Թադեոսը, ով, ինչպես Ավետարաններից տեղեկանում ենք, ունեցել է նաեւ այլ անուններ‘ Ղեբեոս, Հուդա (Մաթ. Ժ.3,Ղուկ. Զ.16 եւ այլն), գալիս է Եդեսիա (Փոքր Հայք), որտեղ թագավորում էր Աբգարը: Նա իր հետ Հայաստան է բերում նաեւ այն գեղարդը, որով խոցել էին Քրիստոսին, որն այժմ գտնվում է Սբ Էջմիածնի թանգարանում: Եդեսիայում նա իջեւանում է հրեա իշխան Տուբիայի տանը: Այստեղ Թադեոս առաքյալն Աբգարից բացի Վժշկում է շատ հիվանդների եւ Տիրոջ Ավետարանի լույսը տարածում ժողովրդի մեջ: Որոշ ժամանակ Եդեսիայում մնալուց հետո նա մետաքսագործ Ադդեին եպիսկոպոս է կարգում Եդեսիայի վրա եւ անցնում Մեծ Հայք:
Այնուհետ նա գալիս է Վասպուրական նահանգի Արտազ գավառի Շավարշան (Մակու) գյուղաքաղաքը, որտեղ գտնվում էր Հայոց արքա Սանատրուկը:
Նա այստեղ էլ շատ-շատերին, որոնց շարքում է լինում նաեւ արքայի դուստր Սանդուխտ կույսը, դարձի է բերում հեթանոսական խավարից դեպի քրիստոնեական ճշմարիտ լույսը: Հայոց թագավորն էլ միառժամանակ ընդունում է քրիստոնեությունը, սակայն իշխանների ճնշման տակ‘ հրաժարվում է քրիստոնեությունից: Այնուհետ Հայոց արքան հալածանք է սկսում դարձի եկած հավատացյալների, Թադեոս առաքյալի եւ հարազատ դստեր‘ Սանդուխտի դեմ: Նրա‘ ամեն կերպ տարահամոզելը իր դստերը նորից հեթանոս ական կրոնին դառնալուն, իզուր է անցնում, եւ բազում փորձությունների ենթարկելուց հետո մոտ 44թ. սպանել է տալիս Թադեոս առաքյալին, իր դստերը եւ շատերին: Թադեոս առաքյալի մարմինն իր աշակերտները թաղում են դաշտում: Հետագայում նրա մասունքները տեղափոխվում են Վանա լճի հյուսիս-արեւելյան կողմը: Այստեղ Թադեոս առաքյալի գերեզմանի վրա
կառուցվում է մի եկեղեցի, որը հետագայում կոչվում է Թադեի վանք: Այն այժմ գտնվում է Պարսկաստանի Ատրպատական գավառի արեւմտյան կողմում եւ բարեբախտաբար կանգուն է
մինչ օրս: Քրիստոսի մյուս առաքյալը, որ Հայաստան երկիր է եկել Տիրոջ խոսքը քարոզելու, Բարդուղիմեոս առաքյալն է:
Հ ո վ հ ա ն ն ե ս առաքյալը նրան Նաթանայել է անվանում, իսկ Քրիստոս նրա մասին արտահայտվում է հետեւյալ կերպ. ,Ահա՛ մի իսրայելացի, որի մեջ ն ե ն գ ո ւ թ յ ո ւ ն չկաե:
Բարդուղիմեոս առաքյալը քարոզում է Փոքր Ասիայում, Արաբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում եւ մոտ 44-60թթ.‘ Մեծ Հայքում: Այստեղ նա լինում է նախ Սյունիքում‘ իր քարոզչությունն սկսելով Որդվաա գյուղից: Այստեղից անցնում է Գողթն, ուր Քրիստոսի Ավետարանը տարածելով‘ նաեւ եպիսկոպոսներ է ձեռնադրում, որոնց մեջ նաեւ պարսիկներ են լինում: Այստեղից անցնելով Արտաշատ‘ հանդիպում է Թադեոս առաքյալին: Տիրոջ ջերմեռանդ առաքյալն այնուհետ իր քարոզչությունը շարունակում է Հեր եւ Զարեւանդ գավառներում: Ապա լինում է Անձեւացյաց գավառում, որից հետո հասնում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառ, ուր մկրտում եւ քրիստոնյա է դարձնում Սանատրուկ թագավորի քրոջը‘ Ոգուհուն: Սակայն հետագայում այստեղ Բարդուղիմեոս առաքյալը եւս Թադեոս առաքյալի պես սաստիկ չարչարանքների ենթարկվելով‘ սպանվում է:
Նրա գերեզմանը գտնվում է Վասպուրական նահանգի Աղբակ գավառի Ադամակերտ քաղաքի մոտ (այժմ‘ Բաշքալա, Թուրքիա)‘ Սբ Բարդուղիմեոս մայրավանքում, որն այժմ ավերակ է:
1994թ. ապրիլի 22-ին Սբ Թադեոս եւ Սբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները հանդիսավոր կերպով տեղափոխվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրանց հիշատակը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է ամեն տարի Հիսնակի առաջին կիրակիի շաբաթ օրը:
Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների շնորհիվ է, որ մեր եկեղեցին անվանվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, որը շուրջ 2 հազարամյակ շարունակում է իր առաքելությունը‘ հավատարիմ մնալով Տիրոջ ժրաջան առաքյալներից ուսուցած եւ հաստատած ճշմարտություններին:
You must be logged in to post a comment Login