Մանկության հանդերի աղվեսը

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Մանկության հանդերի աղվեսը

Ընտանիքով գնում էի հայրենի գյուղ: Դսեղում հանդիպեցի իմ հին ծանոթներից մեկին՝ հայտնի որսորդ Աղանին:
– Կուզե՞ս մի աղվես նվիրեմ էրեխեքիդ,-ասաց նա:
– Աղվե՞ս… ի՞նչ պիտի անենք:
– Պապ ջան, վերցրու, պապ ջան, վերցրու, խնդրում ենք,-դիմեցին մանկահասակ դուստրերս:
Աղանն էլ չնայեց իմ հա ու չէին, սպասեք, մի քանի րոպեից այստեղ եմ՝ ասելով գնաց:
Երեւում է՝ տունը գյուղի կենտրոնից շատ մոտ էր: Ասածից էլ շուտ վերա-դառնալով՝, նա շիկակարմիր, սուր դնչով աղվեսը ուռենու ճյուղերից հյուսած վանդակի մեջ մեկնեց ինձ:
– Վանդակն ինչու՞ ես բերել, – հարցրի նրան:
– Շատ սուր ատամներ ունի, գիտե՞ս ոնց է կծում, զգույշ եղեք, հատկապես՝ էրեխեքը: Հավ, որցակ, նույնիսկ փոքր գառ եւ ուլ է խեղդում, զգույշ եղեք, -կըր-կնեց Աղանը՝ բարի ճանապարհ մաղթելով մեզ:
Չզգացինք էլ, թե ինչպես օրն աննկատ անցավ հայրենի գյուղում: Երեկոյան վերադառնալով տուն՝ բացեցի վանդակը: Աղվեսը վայրկենապես դուրս թռավ եւ թաքնվեց հյուրասենյակի հեռավոր անկյունում: Կաթ, ջուր, նույնիսկ՝ հավի թարմ եւ եփած միս դրեցինք, բայց ոչ մի բանի չէր մոտենում:
– Երեւի հավը պիտի կենդանի լինի, որ համաձայնվի ուտել, – կես կատակ կես լուրջ ասաց կինս՝ ավելացնելով, -գնանք քնելու, որ մենակ մնա եւ՚ կուտի, եւ՚ կխմի, ճարն ինչ…
Առավոտյան, բացելով աչքերս, շտապեցի հյուրասենյակ. Կաթ, ջուր… ամեն ինչ նույնությամբ իր տեղում էր: Նախասրահից խշրտոցի ձայն լսեցի. Գնացի այնտեղ, եւ, օ՜, զարմանք, աղվեսն, առանց բացառության, պոկել, թափել էր բոլոր կոշիկների լեզվակները եւ ամբողջովին քրքրել ավագ դստրիկիս բոկոտիկները: Աղվեսը, տեսնելով ինձ, իսկույն ծլկեց դեպի իր թաքստոցը: Իմ բարձրաձայն փնթփնթոցի վրա շուտով մոտեցան կինս եւ երեխաներս: Քանի որ ավագ դուստրս շատ էր հավանում իր բոկոտիկները՝ դրան համարժեք մի այնպիսի լաց կապեց, որ հանգստացնել չէր լինում:
– Պարանը գցիր վիզը եւ տար բակում կապիր, – ասաց կինս, – այնտեղ պիտի որ իրեն ավելի լավ զգա:
Բայց դրսում աղվեսն ավելի վատ էր պահում իրեն. այնպես էր աղիողորմ վնգստում, որ բակի բոլոր բնակիչները դուրս թռան տներից
– Էս ի՞նչ վայրենություն է, տո, – բղավեց վերի հարկի հարեւաններից մեկ, -աղվեսը թոկով կապել են ծառից, էդ չէինք տեսել, էդ էլ տեսանք:
– Ի՞նչ անենք, – հարցրի կնոջս:
– Ի՞նչ պիտի անես,- բարկացավ նա ,- մեղք է, գնա, բաց թող:
– Բա երեխանե՞րը…
– Երեխաներն այդտեղ անելիք չունեն, գնա, բաց թող:
Մի կերպ մոտեցա վախից իրեն աջ ու ձախ շպրտող աղվեսին եւ անջատեցի պարանը: Բայց վզնոցը դեռ չհանած, աղվեսը դուրս թռավ ձեռքիցս եւ քամու պես թռավ դեպի Դեբեդ գետի ափամերձ անտառը:

 

* * *
Մենք արդեն վաղուց մոռացել էինք այդ պատմությունը, երբ մի օր Դսեղից զանգեց Աղանը.
– Աչքդ լու՜յս, ձեր աղվեսին նորից բռնել եմ:
– Վա՜հ, – զարմացա ես, – նորից բռնել ե՞ս, բայց ի՞նչ գիտես, որ մեր աղվեսն է:
– Էն գիտեմ, որ աղվեսները լինում են առանց վզնոցի, իսկ սա վզնոցով է, մտածում եմ, որ սա քո կապածն է, դունչն էլ՝ ծանոթ դունչ է: Հիմա կենդանի ես ուզում վերցնե՞լ, թե՞ մորթին հանեմ, մշակեմ եւ տամ ձեզ:
– Ո՞նց, ո՞նց, աղվեսի մորթին հանե՞ս… լսու՞մ ես, – թեքվեցի դեպի կինս, – դսեղեցին մեր աղվեսին նորից բռնել է եւ ուզում է մորթին վրից հանել:
– Ո՞նց թե մորթին հանի, – ճչաց կինս, – այ տղա, դու խիղճ ունե՞ս, թե՝ չէ, դու համաձայն ես հա՞, որ մեր աղվեսի մորթին հանեն: Ասա՝ թող ձեռք չտա: Հենց հիմա նստի ավտո, գնա եւ բեր կենդանի, միա՚յն կենդանի:
Մեկ ժամ անց Դսեղում էի, ծանոթիս տանը: Նորից ուռենու ճյուղերից հյուսած նույնատիպ վանդակի մեջ բերեց կապույտ վզնոցով շիկակարմիր աղվեսին եւ դրեց առջեւս: Ինձ թվաց, որ աղվեսն իր սարսափով լի աչքերի տակից նայում էր ինձ որպես հին ծանոթի՝հայցելով օգնություն: ,Դրա համար եմ եկել էլիե, – մտքումս ասացի ես:
– Որտեղի՞ց ես բռնել, – հարցրի Աղանին:
Մարցի Փլքերից, լորիների մեծ անտառի մոտից:
– Երկու անգամն է՞լ:
– Այո՚, երկու անգամն էլ:
– Այ քեզ բան, -զարմացա ես, -Լոռվա խոր ձորից հիթսուն-վաթսուն կիլոմետր ճամփա է անցել, եկել-հասել այստեղ, որ նորից ընկնի քո թակարդը:
– Չես հասկանու՞մ, կարոտել է ծանոթ հանդերին, աղվեսների իր ընտանիքիին: Հետո էլ… աղվեսի համար հիթսուն-վաթսուն կիլոմետրն ի՞նչ է: Բա, ընկեր ջան, աղվեսն էլ իր աշխարհն ունի, -որսորդավարի ժպտալով՝ փիլիսոփայեց Աղանը՝ մի շիշ քաշովի օղի դնելով սեղանին:
Դսեղեցու բացատրությունից հետո աղվեսն ինձ համար դադարեց ինչ-որ վերացական աղվես լինելուց. ուրեմն, իմ մանկության հանդերի աղվես է: Գուցե դրա համա՞ր է հարազատորեն նայում ինձ: Խե՜ղճ աղվես… Աշխարհը լի է դաժանությամբ: Աղվեսն ուզում է անդարդ վազել իր սիրած դաշտերում ու հանդերոմ, ուզում է ապրել, վայելել իր կարճ ու անցողիկ կյանքը, ուզում է լինել իր աղվես մայրիկի ու հայրիկի մոտ… Բայց այս անողոք և անհանգիստ Աղանն ուրիշ բան ու գործ չունի, գնում, բռնում և դնում է վանդակի մեջ, որ հետո էլ մորթին հանի վրայից:
Աղանը, մոտ քաշելով օղու շիշը, լցրեց բաժակները.
– Խերով աղվես է, – ասաց նա, -ինքը որ չլիներ, ով իմանա, մեկ էլ էր ե՞րբ էինք հանդիպելու, խմենք միմյանց տեսնելու համար, ցավոք, գնալով հանդիպումները քչանում են:
– Այո, քչանում են,-անփույթ կրկնեցի ես:
Աղանը նորից լցրեց բաժակները եւ կարծես թե ինչ-որ բանի սպասումով նայեց ինձ:
– Ասում ես՝ Մարցեցի է, հա՞, – հարցրեցի ես՝ վանդակն ինքնաբերաբար մոտ քաշելով ինձ:
– Ո՞վ,- հարցրեց Աղանը:
– Աղվեսը…
Դսեղեցին լիաթոք քրքջաց.
– Հա էլի, էդպես է ստացվում:
Օղիով լի բաժակները սպասում էին մեզ: Չգիտեմ ինչ քամի էր մտել գլուխս.
Արի, էս էլ խմենք աղվեսի կենացը, – ասացի ես:
-Ի…Ի՞նչ…, – Աղանը նստած տեղից խայթվածի պես վեր թռավ,- գի՞ժ ես դու…մի քիչ ուշանայիր, փոստահան էի անելու: Բա ո՜նց… աղվեսի կենա՜ցը… Հերվարա պաշտոնի տեր մարդ ես, եղա՞վ… Գյուղն իմանա մասխարա կսարքի…
– Լավ, լավ, մի նեղացիր,- ասացի ես՝ դատարկելով բաժակը, ապա վերցրի վանդակը եւ դուրս եկա:
Ուզում էի Դսեղից ոչ հեռու մի տեղ բաց թողնել, բայց վախեցի, որ Աղանն ուր որ է՝ նորից բռնի, մյուս կողմից էլ կինս պահանջել էր, որ կենդանի հասցնեմ տուն: Մի ժամ հետո տանն էի:
– Կեցցե՚ս, – ասաց կինս՝ անթաքույց ուրախությամբ եւ, մոտենալով, զգուշությամբ շոյեց աղվեսի թավշաթավիշ ագին, – ի՜նչ լավ է, որ փրկեցիր մեր աղվեսին էդ անօրենի ձեռքից, դե, տար եւ բաց թող:
Դեբեդ գետի անտառակողմ ափին հանեցի աղվեսի քրքրված վզնոցը եւ ասացի՝ բարեկամս, դու գիտե՞ս, որ մի քիչ ձախողակ, բայց ավելի շատ հաջողակ աղվես ես: Բախտդ բերեց՝ եկա, հասա: Գիտե՞ս՝ էս աշխարհում դեռ ոչ մի մարդ ոչ մի աղվեսի չի արել այդքան լավություն, եւ գիտե՞ս ինչու, որովհետեւ իմ մանկության հանդերի աղվես ես, որովհետև ուշ գիշերներին քո թաքստոցից նայում ես իմ հայրենի գյուղի լույսերին: Ինձ հասկացա՞ր… Ես վերջին անգամ ուշադիր նայեցի աղվեսի բարակ, կիսալուսնաձեւ աչքերին: Աղվեսը կոպերը դանդաղ խփեց իրար եւ բարությամբ ու հույսով լի աչքերը հառեց ինձ՝ Մարցի ծաղկոտ դաշտերի բույրը վրան իր բարեկամ տղային: Միմյանց հասկանալու ավելի լավ ձև չկա և չի լինում: Հիշիր՝ ասացի նրան, խելքն ու խորամանկությունն աղվեսի փեշակն է. Դու աղվես ես, չէ՞: Ի՞նչ ես կպել էդ Փլքերից: Աղանն ամգիր գիտի էդ Փլքերը: Մարցը հանդեր շատ ունի, գնա հեռու: Ես ուզում եմ, որ դու ապրես. Ինչքան կարող ես հեռու մնա Աղանի դավադիր թակարդներից:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards