ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
Տարիներ առաջ, մենք առիթ ունեցանք հարցազրույց ունենալ մեր ազգային բարերար, հասարակական գործիչ, իր հայացքներով, առաջարկություններով համայն հայության կողմից շատ հարգված ու ընդունված Վահե Կարապետյանի հետ: Մենք շատ հակիրճ ներկայացրել էինք նրա անցած կյանքի ուղին` սկսած վաղ մանկությունից մինչև առ այսօրը և զարմանալիորեն տեսանք, որ նրա ապրած ամեն յուրաքանչյուր օրը, մի լուսավոր ճառագայթ էր, ուղեկցող մի լուսաշող փարոս, մեր համայն հայ ազգի համար:
Մենք գրել էինք նրա մասին այսպիսի տողեր. “Շատ անգամ, մենք ապրում ենք կողք-կողքի անհատների հետ, ովքեր ընթացք են տալիս հսկա գործերի՝ խոր ակոս դնելով մեր պատմության էջերում: Դժբախտաբար, մեր ժամանակակցի գործունեությունը ընկալում ենք որպես նրա առօրյա աշխատանք, չզգալով, որ նա այսօր ապագայի ճանապարհն է կերտում իր ժողովրդի համար, այն համարելով իր կյանքի անքակտելի մասը, որի արդյունքը բեկումնային է լինելու մեր ժողովրդի համար, իսկ կատարված և նախատեսվող գործերի վերագնահատումը պատմությունն է գնահատելու: Ահավասիկ, այսօր, դրա վկայությունն է Վահե Կարապետյանի կողմից հիմնադրված “PAN ARMENIAN UNITY” հաստատությունն է և, անմիջական, նրա կողմից մշակված ծրագիրը, որն էլ համայն հայության աջակցությամբ, օգնությամբ և հավատքով, վստահ, կյանքի է կոչվելու…
Պարոն Կարապետյան, փետրվարի վերջին օրերում, Ձեր հեռուստաելույթները նվիրված էր Ազգային Միասնականության գաղափարին:
Շատերը, ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ամբողջությամբ լսել հաղորդումը և մեր ընթերցողները խնդրանքով դիմում են “Մոլորակ-ի” խմբագրություն, ձեզանից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հարց – Պարոն Կարապետյան, ի՞նչ է Ազգային Միասնականությունը ըստ ձեզ:
Վահե Կարապետյան – Դժբախտաբար, հարյուրավոր տարիներ շարունակ հայը չի ունեցել պետականություն,
ճակատագրի բերումով, միշտ եղել է այս կամ այն մեծ տերույթներին ենթակա պետություն, իսկ 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո, հայը ցրվեց ամբողջ աշխարհով մեկ, որտեղից էլ առաջացավ մեծ սփյուռքը: Տարբեր երկրներում բնակվելը, տարբեր ազգերի ու մշակույթների հետ շփումը, ինչ խոսք, անպայման, ազդում է անհատի ինքնագիտակցության, ազգային սովորույթների և մարդկային այլևայլ հանգամանքների վրա, որն էլ բարդացնում է միմյանց հետ շփումը, դժվարացնում հարաբերությունները, բայց բարեբախտաբար, հայրենիքը և ազգը սիրող անհատի հոգում չեն խաթարվում ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության պահպանման անհրաժեշտության բարձր չափանիշները: Ելնելով վերոհիշյալից, արդեն, ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ իմ միտքը շարունակ զբաղված է աշխարհասփյուռ մեր հայերին միասնականության կոչով համախմբելու մի կառույցի շուրջ և ապահովելու սփյուռքահայության միասնականությունը` ի սեր Հայաստան աշխարհի, մայր հողի, հայ ժողովրդի, ինչպես նաև սփյուռքի հայության համար:
Մենք պետք է իրատես լինենք, և մեր գիտելիքները, ինչու չէ, նաև մեր միջոցները համատեղելով, օգտակար լինենք, սատար կանգնենք մեր պետությանը և հայրենիքում ապրող մեր հայ ժողովրդին:
Հարց – Ի՞նչ կասեիք, Ձեր կողմից հիմնադրված “PAN ARMENIAN UNITY” հաստատության մասին։
Վահե Կարապետյան – Կառույցի նպատակն է սփյուռքահայության համախմբումը, միավորումը մի ընդհանուր կառույցի ներքո։ Մեր նպատակն է համախմբել աշխարհի բոլոր անկյուններում ապրող յուրաքանչյուր հային և դարձնել նրան աշխարքի հայ բնակիչ։ Մենք պետք է միանանք և օգտակար լինենք նաև սփյուռքի բոլոր կարիքների համար, ստեղծելով վստահություն հայրենիքի նկատմամբ, ինչպես նաև հայրենիքի վստահությունը սփյուռքի նկատմամբ։
Սկսած 2008 թվականից, այդ ուղղությամբ ես մեծ աշխատանքներ եմ տանում: Ես այդ պարտավորությունը վերցրեցի ինձ վրա, որովհետև սփյուռքը, չասենք պառակտված, բայց բաժանված էր երկու տարբեր բևեռների: Բարեբախտաբար, այսօր պատկերը բոլորովին այլ է ՀՀ Նախագահի անմիջական օգնությամբ։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ 2016 թվականի մեռոն օրհնենքի արարողության ժամանակ Գարեգին Բ Կաթողիկոսի աջ և ձախ կողմերում կանգնած տեսանք մեր երկու թեմերի առաջնորդներին` արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանին և արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին` ձեռքերում բռնած սափորները, որոնց մեջ էին մեռոնների մայաները, մեկը` Կիլիկիո կաթողիկիսարանից բերված, իսկ մյուսը` Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսարանից, որոնք պետք է խառնվեին նոր օրհնվող ընդհանուր մեռոնին: Այնուհետև, նույն առաջընթացը կատարվեց նաև Արամ Ա Կաթողիկոսի Լոս Անջելոս այցի ժամանակ, երբ կրկին տեսանք մեր երկու թեմերի առաջնորդներին, այս անգամ արդեն Արամ Ա-ի աջ և ձախ կողմերում կանգնած: Վստահ եմ, դա շատ տպավորիչ և զգայացունց էր համայն հայերի համար: Հայ եկեղեցու 600-ամյա պատմության մեջ, սրանք առաջին անգամներն էին: Այստեղից հետևություն, որ հարյուրամյակներում գոյացած հսկա սառցաբեկորը փշրված էր… և մեզանից յուրաքանչյուրը, արդեն ինքը պետք է անի իր լավագույնը` միանալով հավաքական ուժին` հավաքական կառույցին: Առավել ոգևորիչ է, որ մեր կաթողիկոսները միասին բանակցություններ են վարում բոլոր կրոնական և ազգային հարցերի շուրջ, ինչպես նաև համատեղ վարչաձև գտնելու համար։ Սակայն այս ուրախալի իրադարձություններին հաջորդեց Ապրելյան պատերազմը, որը անակնկալ էր բոլորիս համար, բայց փառք ու պատիվ մեր հերոսամարտիկների, մենք կրկին արժա-նապատվորեն դուրս եկանք այդ փորձությունից ևս: Մենք ականատես եղանք մեր ազգի միասնականությանը։ Այդ օրերին և հաջորդող ժամանակներին տեսանք, ինչպես հայը ոտքի կանգնեց ամբողջ աշխարհում` թե’ Հայաստանում և թե’ սփյուռքում` հայրենիքին սատարելու, օգնելու պատրաստակամությամբ: Պատմությունը բազմիցս փաստել է մեր միասնականությունը, օրինակները շատ – շատ են: Մեր ազգը դժվար պահերին միշտ էլ եղել է միասնական և, իրոք, մենք միասնական ենք, բայց մեզ պակասում է միավորումը նաև խաղաղ ժամանակներում:
ՀԱՐՑ: ինչպես հասկանալ, միասնական ենք, բայց մեզ պակասում է միավորումը:
Վահե Կարապետյան – Միավորում ասելով, մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքում ապրող հայերի բոլոր շերտերը մի կառույցի շուրջ` կուսակցությունները, միությունները, անհատները` անկախ իրենց գաղափարական հայացքներից, տեսակետներից, անկախ ունեցած կրոնական պատկանելիությունից: Միավորումով այս նոր կառույցը որևէ ձևով չի միջամտում, վերիշխում, խառնվում գործող կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին, այլ ընդհակառակը՝ կարիքի դեպքում օգնություն ցուցաբերում և հարմոնիա ստեղծում։
Միավորումը իր մասնակցությունն է ունենալու Հայաստանի և Արցախի կյանքի բարելավման և զարգացման գործում, անդրադառնալու է սփյուռքի կարիքներին, օժանդակություն է մատուցելու զանազան ծրագրերին, որոնք նվիրված են հայ մշակույթի և ինքնության պահպանմանն ու շարունակական զարգացմանը, աջակցելու է Հայ Դատի արդար լուծման նախաձեռնություններին և այլն։
ՀԱՐՑ: Ինչպե՞ս հասնել դրան, ինչպե՞ս կարելի է իրագործել:
Վահե Կարապետյան – Ամենուր, և’ Հայաստանում և’ Սփյուռքում այդ հարցն է տրվում, թե ինչպե՞ս կարելի է գտնել այդ նոր ձևը, ընդհանուր հայտարարը: Այդ հարցերը տրվում է մամուլում, հեռուստահաղորդաշարերում: Այդ հարցը բարձրացրեց նաև, շատ հարգարժան Ռուբեն Վարդանյանը իր հոդվածներում, որը իրագործեց բազում ձեռնարկներ և գործնական ներդրումներ։ Իրոք, դժվարությունները շատ և շատ են։
Մեզ բոլորիս հայտնի է, որ սփյուռքը առ այսօր չունի որևէ պաշտոնական մի կառույց, որի շրջանակներում կարողանա իրագործել իր գործունեությունը և միաժամանակ հետևի ու վերահսկի իր աշխատանքը:
2015թ. կայացած համահայկական սիմպոզիումում, որը կազմակերպել էր “Գյուլբեկյան հիմնադրամ”ը` “Հայերը 2115թ.” խորագրով, որտեղ բարձրացվեց հարց, որ սփյուռքին անհրաժեշտ ինքնություն և անհրաժեշտ է ստեղծել մի հավաքական կառույց: Զեկույցը հրատարակվեց անգլերենով և հայերենով: Այստեղ տեղին է հիշել մեծ բանաստեղծ Չարենցի պատգամը` “ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄեՋ Է”, պատգամ, որն արդիական է այսօր ևս և այն չենք կարողացել իրագործել առ այսօր, քանի որ չունենք այն ձևը, այն ճանապարհը, որով կարողանանք իրականացնել ազգային ծրագրերը և լուծենք ազգի առաջ ծառացած խնդիրները: Այդ հարցերի պատասխանը ստանալու համար ես ուսումնասիրեցի շատ ազգերի, պետությունների պատմությունը և կենտրոնացա հրեաների սիոնիզմի վրա և, իրոք, 120 տարի առաջ հրեա ազգը շատ ավելի վատ վիճակում էր, քան մենք այսօր կանք: 120 տարի առաջ հրեա ազգը չուներ պետականություն, հավաքական չէր, սփռված էր ամբողջ աշխարհով: Նրանք ընդունեցին իրենց անցյալ փորձառությունը․ անդամագրության փոքր գումարի վճարումով՝ ընտրելու իրավունք ստանալու և հավաքականություն ստեղծելու համար։
Երբ առաջ քաշվեց այդ հարցը, հրեա հարուստները դեմ էին, բայց այնուամենայնիվ իրականացավ գաղափարը և այժմ նրանք ունեն հայրենիք, ուժեղ պետություն:
Այսօր հայերիս վիճակը անհամեմատ շատ ավելի լավ է, քան այն ժամանակ հրեաներինը: Ո՞րն է մեր հայկականը։ Մենք ունենք ազատ, անկախ Հայաստան, ազա-տագրված Արցախ: Մենք բազմիցս փաստեցինք մեր միասնականությունը անկախության ճանապարհին, Արցախյան պատերազմում և վերջին ապրիլյան քառօրյա պատերազմում։ Մեզ մնում է համախմբվել, մի բռունցք դառնալ և ինչպես Անդրանիկ զորավարն է ասել, ունենալ կամք, կամք և դարձյալ կամք:
Ծանոթանալով հրեաների օրինակին, ես մշակեցի մեր հայկական ծրագիրը, բավական աշխատանք կատարեցի և առաջարկությունների փաթեթով մեկնեցի Հայաստան։
Բարեբախտաբար, իմ Հայաստան մեկնման ժամանակը համընկավ Հռոմի պապի` Հայաստան այցի հետ, որը կարող եմ ասել ճակատագրական եղավ ինձ համար:
2016 թ. հունիսի 26-ին Պապը ելույթ ունեցավ և իր խոսքում շատ ոգևորված, ազդեցիկ և խանդավառ, հայերիս համար պատգամ թողեց, որը ցանկանում եմ կրկնել` “Դուք` հայերդ, բնավ, չմոռանաք ձեր պատմական իմաստնությունը”:
Այսինքն, որ մենք ընդունել ենք քրիստոնեությունը իբրև պաշտոնական կրոն մեր ունեցած ազգային իմաստության շնորհիվ, որն էլ դարձավ մեր ազգի պահպանման, ինչպես նաև աշխարհի պաշտոնական քրիստոնեության տարածման անկյունաքարը, որը մեծ ժառանգություն է աշխարհքի պաշտոնական քրիստոնության տարածման համար։ Իսկապես, կարևորը ազգային իմաստություն ունենալն է, որպեսզի դառնանք հավաքական:
Ինչպես վերևում նշեցի, այդ ուղղությամբ կատարած իմ աշխատանքները հիմնականում վերաբեվում է աշխարհում սփռված հայերին: Կրկնում եմ, մեր նպատակն է միավորել ՍՓՅՈՒՌՔԸ մի կառույցի շուրջ և համախմբված օգտակար լինել մեր հայրենիքին, մեր հայ ժողովրդին, մեր պետականությանը և մեր համատարած սփյուռքին: Մենք չենք ցանկանում ստեղծել նացիոնալիստական կառույց, ընդհակառակը, մենք չպետք է մոռանանք մեր քրիստոնյա լինելը, մենք շարունակ պետք է հիշենք, ինչպես ասեցի, որ քրիստոնեությունը մեր ազգի պահպանման հիմնաքարն է։Այս պատկանում է բոլոր կրոնական մեր միաբանություններին․ այդ ժամանակ չկար ո՛չ Առաքելական, ո՛չ Կաթողիկե և ո՛չ Ավետարանական, դա Հայ ազգի իմաստությունն է, ժառանգություն աշխարհքի քրիստոնեության։
Լինելով Հայաստանում, 2016 թ. հունիսին հանդիպումներ ունեցա տարբեր առաջնորդների հետ, ներկայացրեցի ծրագիրս ՀՀ Նախագահին, Արցախի Հանրապետության նախագաին և ստացա գրավոր նամակ, որի համաձայն Հայաստանի սփյուռքի նախարարությունն ու արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են աջակցելու այս գործընթացի իրականացմանը։ Հանդիպել եմ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի հետ, իսկ հոկտեմբերին, երբ Արամ Ա Կաթիղիկոսը այցով եկավ Լոս Անջելոս, նաև նրա հետ քննարկեցինք այդ հարցերը և բոլորից ստացա գրավոր քաջալերական նամակներ: Հանդիպումներ և քննարկումներ են եղել նաև սփյուռքում գործող բոլոր կուսակցությունների, խոշոր կազմակերպությունների հետ և ստացել նրանց գրավոր համաձայնությունները: Մնում է միայն համախմբվենք, մի բռունցք դառնանք` հանուն հայ ժողովրդի բարեկեցության, հանուն ուժեղ և հզոր Հայաստանի պետականության, Արցախի պաշտպանության՝ սփյուռքահայությունը դարձնելով անբաժան Հայրենիքից, Աշխարհքի հայ քաղաքացի։
Սփյուռքը լինելով շատ բարդ կառույց, նկատի ունենք նրա ունեցած աշխարհագրական, տարածական, քաղաքական, հասարակական տարբերությունները, էլ չենք խոսում լռակյաց մեծամասնության մասին, մեր նպատակն է գործել շատ թափանցիկ, բոլորին հասանելի ճանապարհով: Մեր նպատակն է հավաքագրել բոլորին մի կառույցի շուրջ, որի աշխատանքների համար կարող է իր մասնակցությունը ունենալ յուրաքանչյուր սփյուռքահայ՝ կատարելով անդամավճար։ Անդամավճարը կազմում է 25 դոլար ընտանիքի համար և սա նույն գումարն է անհատի կամ ընտանիքի համար։ Կատարելով անդամագրություն, յուրաքանչյուրը կունենա ընտրության իրավունք: Ի դեպ, անդամագրության գործընթացը սկսված է։ Նշեմ, որ սրանից տաս տարի առաջ սկսած իմ ազգային նվիրվածության գործնեության ժամանակ սփյուռքահայության հավատացյալների կողմից նվիրաբերած շուրջ 17,000 դոլար գումարը, որը մինչ այսօր պահպանվել է և չի ծախսվել, գումարվելու է այս անդամագրության գումարին, բոլոր նվիրատուների անունները արձանագրվելու են։
ՀԱՐՑ: Անդամգրվելու համար ցանկացողները, ինչպես են վճարելու:
Վահե Կարապետյան – Անդամագրության համար կարելի է վճարել ցանկացած ձևով` թե էլեկտրոնային ցանցի միջոցով, թե քրեդիտ կարթով և թե չեքով կամ կարող են այլ ձևերով։ Մեր ինտերնետային հասցեն է www. panarmenianunity.org։ Այդ իսկ պատճառով, ներկայումս յուրաքանչյուր անդամագրվելու ցանկացած անձ/ընտանիք կարող է ուղարկել չեկը հետևյալ հասցեով՝ 655 North Central Avenue, Suit 1718, Glendale, CA, 91203, իսկ չեկը գրել Pan Armenian Unity անունով։ Հարցերի դեպքում մեզ կարող եք զանգահարել (818) 649-7726, (818) 649-7721 հեռախոսահամարներով, կամ գրել՝ panarmenianunity@gmail.com։ Անդամագրությունը գործընթացը լինելու է շարունակական և վստահաբար պետք է հասցնել միլիոն և ավելի անդամների, այլապես չենք կարողանա իրագործել այն, ինչ ծրագրավորված է:
Այս ամբողջը պետք է լինի շատ թափանցիկ, այնպես, որ յուրաքանչյու ոք բացի կայքէջը և տեսնի իրեն հետաքրքրող հարցի պատասխանը: Կրկին ցանկանում եմ հիշեցնել, 25 դոլարը միայն ընտանիքի անդամագրվելու տարեկան վարձն է` ընտրության ժամանակ ձայնի իրավունք ստանալու համար, իսկ ընթացքում, ցանկացողները կարող են նվիրատվություններ անել, կախված իրենց ցանկությունից և գումարի չափից, որը տուրքազեղչ է:
Բավական աշխատանքներ են արված: Հիմնվել է “PAN ARMENIAN UNITY” կազմակերպությունը, մշակվել է կանոնադրությունը, թղթաբանության համար նախատեսված բոլոր անհրաժեշտ ձևերը: Սակայն դեռ կան շատ անելիքներ, հնարավոր է նաև առաջարկությունների հիման վրա վերանայել կանոնադրությունը, ձևաչափերը, և այլն, այսինքն, մենք փորձում ենք այն ինչ կատարում ենք հնարավորինս պարզ, հստակ և հասանելի դարձնել բոլորի համար:
Հարց – Ինչպիսի՞ն է լինելու ընտրակարգը:
Վահե Կարապետյան -Կանոնադրության մեջ մանրամասն, կետերով բացատրված է ընտրության ընթացակարգը: Այն պարզ և մատչելի ձևով նկարագրվելու է նաև օնլայն կայքում։
Յուրաքանչյուր անդամագրվող ընտանիք կամ անհատ պետք է նշի, թե ո՞ր կուսակցությունից է, ո՞ր խմբավորումից է, եկեղեցական ո՞ր թեմից է, կամ անհատ է, որը մենք անվանեցինք լռակյաց մեծամասնություն։ Սա պահանջվում է ընտրության գործընթացը հեշտացնելու և թափանցելի դարձնելու համար: Այս ճանապարհով ընտրվելու են պատվիրակներ, որոնք իրենց հերթին կընտրեն գերագույն ներկայացուցիչներ։ Այս կերպ կերևա, թե ներկայացված ցուցակներում որքան անդամագրվածներ կան և թվաքանակին համապատասխան նրանք կունենան վերադաս գերագույն մարմնում իրենց ընտրված նեկարացուցիչները`թվով 75 և գուցե, ավելի անձ: Գերագույն ներկայացուցիչների կողմից ընտրված սփյուռքի համահայկական նախագահությունը՝ 25 կամ ավելի անդամներով, հետագայում, երբ Հայաստանում գործի 2-րդ պալատը, կներկայացնի սփյուռքը։
Ինչ խոսք, նախատեսվող աշխատանքները շատ-շատ են և կապված աշխատանքների ծավալի հետ կառաջանան խնդիրներ և հարցեր, ասենք օրինակ հավաքված գումարների վեահսկաման հետ կապված: Այսօր այդ ուղղությամբ, վստահ կարող եմ ասել, որ այդ ներդրված գումարները կմնան անձեռնամխելի, ինչպես պահպանված է առ այսօր այն նախկին հավաքված 17,000 դոլարը և կպահպանվի այնքան ժամանակ, մինչև կընտրվի գերագույն մարմինը, որն էլ իրավասու կլինի քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում որոշել առաջնային որտեղ և ինչի համար ծախսել` ճանապարհաշինության համար, գործատեղեր ստեղծելու, բանակի կամ գյուղերի ու քաղաքների վերականգնողական աշխատանքների համար: Ես նորից եմ կրկնում, մեր խնդիրն է լինելու անդամակցության մասնակիցների թիվը հասցնել առավելագույնի, որպեսզի կարողանանք առաջադրված ծրագրերը դարձնել իրագործելի, այլապես ոչինչի չենք հասնի: Պետք է փրկենք մայր հողը իր ժողովրդով և իր ժառանգությամբ։
Առաջնահերթ, այդ գումարները տրամադրվելու է`
1.Պաշտպանական միջոցների` զենք, զինամթերք ապահովելու, նույնիսկ արտադրություն հիմնելու համար, որը կստեղծի աշխատատեղեր՝ վերահսկվելով սփյուռքի կողմից:
2. Ազգային շահ հետապնդելու համար՝ Հայաստանի գյուղերի, հատկապես սահմանամերձ գյուղերի տնտեսական պահանջների բարելավում, ինչպես նաև գյուղացիների համար անհրաժեշտ ջրամբարտակներ կառուցում և այլն:
3. Հայ Դատ։
Մենք շարունակելու ենք հետապնդել մեր պահանջատիրությունը, նյութական փոխհատուցումը և բռնագրավված տարածքների վերադարձման հարցերը: Ունենալով ինքնուրույնություն և նաև, ամենակարևորը, ժողովրդի վստահությունը, կարող ենք ներդրումներ անել, ապահովել հայրենիքի պաշտպանությունը, բարելավել մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և մնացած ծառացած հարցերն ու խնդիրները` Հայաստանում և սփյուռքում: Արդյունքը, որին մենք ձգտում ենք` մեր ձայնը լսելի դարձնել աշխարհի ամենաբարձր ամբիոններում:
Մենք ազգովի, ինքներս` մեզ հարց ենք տալու, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում մեր հայրենիքի ու մեր ազգի համար: Մենք սիրում ենք շարունակ խոսել մեր նախնիների մասին` սկսած մեր գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցից, մեր պատմիչներից, մեր անվանի հայ զավակների քաջագործություններից, գիտնականներից, արվեստագետներից և արհեստնների վարպետներից, գործարարներից և բարերարներից: Հպարտությամբ ու հիացմունքով խոսում ենք Մանթաշովի, Գալուստ Գյուլբեկյանի, Ալեք Մանուկյանի…, մեր ժամանակակից Քըրք Քրքորյանի /անունները շատ են/ կատարարած գործերից և բարեգործություններից: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ ենք անում մենք` ժամանակակիցներս, ի՞նչ ենք անում, որ թեթևացնենք հայրենիքում ապրող, սոցիալ-տնտեսապես անապահով մեր հայրենակիցների հոգսերը, կամ հայրենիքի համար, որ ապահովենք նրա ներկան և ապագան: Ո՞ւր ենք գնում մենք ազգովի: Վաղը, սերունդները մեզ չեն ներելու: Հնարավոր է մեր և հետագայում մեզ փոխարինողների կատարած աշխատանքների շոշափելի արդյունքը երևալու է 50,100, կամ 200 տարի հետո, որը հավատացե’ք, ազգի երկրի, պետության պատմության վրա, այդքան էլ մեծ ժամանակ չէ: Այսօր մեր գերագույն խնդիրներից է Հայաստանը փրկել դատարկվելուց: Պետք է ոչինչ չխնայել արտագաղթը դադարեցնելու համար, իսկ դրան հասնելու համար, անհրաժեշտ է առաջնային, ստեղծել գործատեղեր, բարելավել և ապահովել նրանց սոցիալ-տնտեսական պայմանները: Մարդը աշխատատեղ չունենալով իր հողում, իր երեխաների հանապազորյա հացը վաստակելու համար, իր կամքից անկախ, մի փոքրիկ հնարավորություն ունենալու դեպքում, թողնում է մայր հողը, իր տունը և գնում “որտեղ հաց, այնտեղ կաց” սկզբունքով: Այդ է հիմնական պատճառը, որ Հայաստանում մնացել է անապահով խավը:
Կանոնադրության մեջ հստակ ասվում է, որ սփյուռքը պետք է վերցնի ինքնությունը, որ ստեղծենք հզոր հավաքականություն, միավորում, որ պաշտպանենք մեր ժողովրդին ու մայր հողը` Արարատյան դաշտավայրով, Արարատ լեռով, Խոր Վիրապով, որը մեր իմաստուն նախնիների թողած ժառանգությունն է: Այս կառույցը սփյուռքի նախագահությամբ կարող է օգտակար լինել վերահսկել հայրենիքում տեղ գտած անիրավական երևույթներին` կաշառակերությանը, խնամիա-բարեկամական թողտվություններին, օլիգարխային մոնոպոլիայի դեմ, ինչպես նաև ստեղծել արդար մրցակցություն: Այս կառույցը իրավասու է լինելու բոլոր հարցերով և խնդիրներով, օրինակ սփյուռքի դպրոցների համար: Գիտենք, որ մեր շատ հայրենակիցներ իրենց երեխաներին չեն կարողանում հայկական դպրոցներ ուղարկել, կապված վճարման հետ: Այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ տանել։ Միայն պետք է ունենալ հավատք և վստահություն:
ՀԱՐՑ: Իրոք, մենք հաճախ ենք լսում, ոչինչ չի փոխվելու, ոչ մի լավ բան էլ չի լինելու արտահայտությունը, իսկ դուք ձեր խոսքում հիշատակեցիք հավատք և վստահություն բառերը: Ի՞նչ կասեք վստահության և հավատքի մասին:
Վահե Կարապետյան – Մենք խոսեցինք ազգային իմաստնության մասին, այդ իմաստնությամբ էլ մենք պետք է գործենք վստահ և հավատքով, մնացածը ժամանակի խնդիր է: Քարը-քարին դնելով, համբերատար, քայլ առ քայլ, միասնաբար և կտեսնենք, որ կարելի է “սարեր շուռ տալ”: Երբ մենք սկսենք անդամագրվել և կայքէճում տեսնենք մեր անունները, դա ևս մեզ քաջալերելու է և ավելի վստահությամբ ու հավատքով ենք մոտելնալու մեր սկսած գործին: Անդամագրվեք ընտանիքներով, առանձին անդամնեով, հավաքագրեք և քաջալերեք ձեր բարեկամներին ու մտերիմներին: Որքան շատ լինենք, այնքան շատ ձայներ կունենաք գերագույն մարմնում, որը վերջնական որոշում է կայացնելու խնդրահարույց հարցերի լուծման շրջանակում: Հավատացե’ք, այսօր ունենք բոլոր հնարավորությունները իրագործելու մեր ազգային խնդիրների լուծման համար:
Օրինակ վերցնենք մեր մեծերից և հիշենք Հովհաննես Թումանյանին, որը հանուն ազգի կորցրեց զավակներին: Մեր ազգի դավաճանը անվստահությունն է, ոչ սփյուռքն է հավատում Հայաստանին, ոչ էլ Հայաստանը սփյուռքին: Եթե մեր գործունեությունը թափանցիկ լինի, ալնպես ինչպես ներկայացրեցինք, երբ յուրաքանչյուր անհատ ինֆորմացված լինի և իր աչքով տեսնի այն, ինչ կատարվում է, այլևս անվստահության խնդիր չի լինի: Մենք պետք է թույլ չտանք, որ մեր երկրում կրկնվի այն, ինչ կատարվեց Իրաքում կամ Սիրիայում: Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ կատարվեց ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ ադրբենջանցիները գլխատված մեր զինվորների գլուխները ի ցույց էին դրել սվինների վրա: Այդ փաստը պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունը:
Մեր նպատակն է փրկել մեր սուրբ մայր հողը, տնտեսապես հզորացնել, երկիրը դարձնել հզոր, որ մեր ձայնը լսելի դառնա ամենուր: Այս առիթով, ուզում եմ հիշել կաթողիկոս Արամ Ա-ի խոսքերը. “Տկար, մեկուսացված ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը լիմել: Չի կարող հարգանք պարտադրել ու լսելի դառնալ միջազգային համայնքներում, հետևաբար, Հայաստանի հզորացումը իր տնտեսության, բանակի և մնացած այլ բնագավառների զարգացման մեջ է:”
Այսօրվա հրամայականն է պայքարել կաշառակերության, մոնոպոլիայի և այլ անթյուլատրելի ու անօրինական երևույթների դեմ; Այս գործին ես ձեռնամուխ եղա առաջին հերթին այդ պաճառով, որ կառույցը իրավասու լինի մասնակցելու մեր երկրում գոյություն ունեցող խնդիների լուծման աշխատանքներին: Այսինքն, պետք է սիրել հայրենիքը, ազգին և անել ամեն- ամեն հնարավորը և անգամ անհնարինը նրա համար:
Սկսվող գործը, միշտ էլ կունենա թերություններ, քննադատություններ, անգամ կլինի նաև անհասկացողություններ և չհամաձայնվողներ: Վստահ եմ, աշխատելու և գործելու ընթացքում, աստիճանաբար կվերանան թերությունները, պատրաստ ենք ընդունելու բոլոր շինիչ և առողջ քննադատությունները, բացատրություն տալու բոլոր չհասկացված, մութ մնացած հարցերին:
Մեզ մնում է բարի երթ մաղթել Ձեզ և ձեր սկսած այդքան շնորհակալ գործին, որը դառնալու է մերը` բոլորինս, այսինքն համայն հայությանը:
Պարոն Կարապետյան, երկար տարիներ մենք շարունակ լսում ենք ձեզ, հետևում ենք ականատեսն ենք լինում ձեր կատարած աշխատանքներին, բարեգործություններին և Հայաստանում և սփրուռքում: Մենք վստահում ենք մասնավորապես Ձեր անձին և հորդորում ենք մեր հայրենակիցներին անդամագրվել այդ կառույցին և բերել մասնակցությունը այդ սուրբ գործին:
Անդամագրությունը գործընթացը լինելու է շարունակական։ Անդամագրության չեկը պետք է գրել Pan Armenian Unity անունով և ուղարկել 655 North Central Avenue, Suit 1718, Glendale, CA, 91203 հասցեով։ Հարցերի դեպքում մեզ կարող եք զանգահարել (818) 649-7726,(818) 649-7721 հեռախոսահամարներով, կամ գրել՝ panarmenianunity@gmail.com։
You must be logged in to post a comment Login