Հայ թատրոնի և կինոյի Նահապետը

Սոս Սարգսյան

Սիրելի’ ընթերցող, այս հարցազրույցը Մեծ Վարպետ` Սոս Սարգսյանի հետ գրել եմ երկու տարի առաջ, որը տպագրվել է ,Armenian-timesե եռալեզու ամսաթերթում:
Թեև դողդոջուն, սակայն արտիստական իր առինքնող քայլվածքով, խորիմաստ հայացքով նա մտավ աշխատասենյակ, ու ծավալվեց մի զրույց, որի ընթացքում Վարպետն ինձ տարավ թումանյանական, տիեզերական մի չքնաղ, մի իմաստուն աշխարհ, որից այլևս վերադառնալ չես ուզում:
Այդ հարցազրույցը հաճույքով տրամադրում եմ իմ սիրելի ,Մոլորակե թերթին:
Սիրով` Կարինե Ավագյան, Մարդու մեջ կան ինչ-որ անբացատրելի, անհասկանալի բաներ…
Մարդը բարդ երևույթ է, ինքն էլ չի հասկանում իրեն, իր խորհուրդըե:
Սոս Սարգսյան

Մեծ վարպետի այս միտքը դարերի մեջ իր բացատրությունը, բանալին չունեցավ, և մարդը մնաց որպես արարչի սքանչելի ստեղծագործություն, միևնույն  ժամա-նակ` առեղծված:  Այս թեմայով զրուցելիս մեծ դերասանը` Սոս Սարգսյանն ասաց.

<<Մարդը մեջքով էլ է մտածում, իմ մեջքը, իմ թիկունքը, կարծես ինձ հուշում էր, որ ամեն ինչ լավ պիտի լինի ինձ համար:Դրա համար էլ ոտքս թատրոն դնելիս միշտ հանգիստ ու հանդարտ եմ եղել>>:
– Վարպե՛տ, թատրոնը ո՞ր տարիքում է բացահայտվել Ձեզ համար, ո՞րն է եղել Ձեր առաջին դերը:
– Դպրոցում եմ սկսել իմ առաջին քայլերը, երբ Զոյա Կոսմոդեմյանսկայայի մա-սին մի ներկայացում էր բեմադրվում: Ագնիա
Երևանից մի ռեժիսոր եկավ ` Ցոլակ Նիկողոսյանը: Եկավ Ստեփանավան` ներկայացում բեմադրելու, խնդրեցին, որ բեմադրի, ես էլ խաղամ էի կոմսոմոլի կենտկոմի քարտուղարի դերը:Դերը շատ փոքր էր, բայց հետաքրքիր:
Բոլորն ինձ շնորհավորում էին, ակամայից ասես դարձա հեղինակություն: Բոլորն ինձ հարգում էին: Մինչ այս պատմությունը, ես ոչ մի տեղ ներկայացում չէի էլ տեսել, բայց մեր թաղի երեխաներով պիես էինք գրել և խաղում էինք մեր տան նկուղում: Մի վարագույր էինք կախել, մեր ձևով բեմի նման ինչ-որ բան սարքել, հանդիսատեսներն էլ մեր թաղի երեխեքն էին:
Մայրս անսահման հպարտ էր ինձնով, երբ արդեն դպրոցի բեմում խաղացել էի փոքրիկ դերս, արժանացել ծափերի և ուշադրության: Նույնիսկ մի օր հերթի մեջ կանգնած վիճել էր մեկի հետ, ապա հպարտությամբ ասել. ,Դուք գիտեք ես ու՞մ մայրն եմ…ե:
– Ակամայից հիշեցի մեծ դերասանի` Մհեր Մկրտչյանի կյանքի պատմու-թյան մի դրվագը ներկայացնող ֆիլմը, ուր նրա մոր դերը խաղացող Գալյա Նովենցը բարկացած ասում է պետական չինովնիկին. ,Ես մեծ դերասանի մայր եմ…ե, իսկ Ձեր հայրն ի՞նչ արձագանք տվեց:
– Հայրս շատ զուսպ էր և տարակուսանքի մեջ էր. Մի կողմից հպարտանում էր, մյուս կողմից էլ երկմտում էր` ընկերների տղաներից մեկը բժիշկ էր, մյուսը` ուսուցիչ, ինժեներ… Ընկերների շրջապատում հայրս աշխատում էր իմ մասին չխոսել:
Իմ անձնական մեծ դժբախտությունը եղավ այն, որ հայրս չհասցրեց ինձ տեսնել որպես կայացած դերասան:
– Հետո ի՞նչ եղավ ապագա մեծ դերասանի հետ…
– Եղավ այն, որ դպրոցում խաղալուց հետո, մեկ տարի անց, երբ ընդամենը 17 տարեկան էի, ինձ հրավիրեցին խաղալու Ստեփանավանի թատրոնում: Գլխավոր դերեր էի խաղում, դարձա այդ թատրոնի աստղը, մեկ-երկու տարի անց ինձ հրավիրեցին Երևան. առաջին դեպքն էր, երբ այդքան երիտասարդ մեկին, ով չուներ բարձրագույն մասնագիտական կրթություն հրավիրում էին Պատանի հան-դիսատեսի թատրոնում աշխատելու:Շատ տարօրինակ էր իմ Երևան գալը:
…Դպրոցում մի ընկեր ունեի` Ղամբարյան Յուրա, ում մայրն ազգությամբ ռուս էր, մեր տան մոտ էին ապրում:Նրա տատը հավատացյալ էր, տանը ,Կտակարանե ուներ: Ես ու Յուրան 6-րդ, 7-րդ դասարանի երեխեք էինք, կարդում էինք  ,Կտակարանե-ը ու դարձանք հավատացյալ: Մեր մեծ` 42 հոգանոց դասարանում զարմացած մեզ էին նայում, որ աղոթք էինք սովորում, աղոթք անում ու կարդում Սուրբ գիրքը:
Հետո հիշում եմ, որ եկեղեցու կողքով անցնելիս հորաքրոջս երեխաները համբուրում էին խաչքարը,եկեղեցու քարերը….Մինչդեռ մեր կողմերում այդ ժամանակ մարդիկ գրեթե հավատք չունեին:
-Ի՞նչ տվեց Ձեզ հավատքը:
-Հոգով բավականին հարստացա, իմ ու ընկերոջս հավատքն ասես հեղա-փոխություն էր դասարանում, դպրոցում:
-Ի՞սկ ուսուցիչները…
-Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, իմ ուսուցիչները շատ կիրթ մարդիկ էին, նրանք Մոսկվայի, Պետերբուրգի, Լայպցիգի համալսարաններն ավարտած փայլուն  մասնագետներ էին: Ճիշտ է, մեր հավատքին մի քիչ հեգնախառն, ժը-պիտով էին վերաբերվում, բայց երբեք, ոչ մի անգամ ես նախատինք չլսեցի:Ես ու Յուրան մեր վզից խաչեր էինք կախում, որը մեր իսկ ձեռքով էինք պատ-րաստել:Հետո հեռացավ Յուրան, նա գնաց Լենինգրադ:
– Վարպե՛տ, վերադառնանք թատրոնին` Ստեփանավան, Երևան և հավատք…  Ի՞նչ կապ կար այս ամենի մեջ:
– Ես հենց այնպես չխոսեցի մեր` 2 պատանիների հավատքի մասին, դրան էլ կհասնեմ: Երբ աշխատում էի Ստեփանավանի թատրոնում ¥1,5 տարի), որոշեցի դիմում գրել, ազատվել աշխատանքից: Ուզում էի դիվանագետ դառնալ, բայց թատրոնի տնօրենը դիմումս չստորագրեց: Օրեր շարունակ գնացի, եկա, բայց դիմումս մերժվեց: Այդ օրերին մի երազ տեսա` միջահասակ մի մարդ, թխադեմ, լիքը, հագին` ճապոնական մակինտոժ, ասաց.  ,Դու թատրոնից մի՛ գնա, ես գալու եմ և քեզ տեղափոխելու եմ Երևանե: Շատ հետաքրքիր էր, որովհետև 3-4 օր անց Երևանից եկավ հենց այդ արտաքինով մի մարդ` երազիս մարդը` թատերական արվեստի բաժնի վարիչ` Լևոն Գրիգորյանը:
Մի շաբաթ շարունակ նա եկավ, գնաց, դիտեց մեր ներկայացումները: Քննարկում էինք բոլոր ներկայացումները, ինքը հետո վերլուծում էր, դիտողութուններ, առաջարկներ անում:
Իմ ամեն մի դերը հատուկ նշում էր` որպես լավագույն օրինակ: Նրա այցելությունը, գործողումը վերջացավ:Առավորյան ժամը 10-ին դերասաններով գնացել էինք ճանապարհելու Լևոն Գրիգորյանին: Բոլորը զրուցում էին նրա հետ, ես քիչ հեռու էի կանգնել և հիշում էի երազս` բա ու՞ր մնաց երազիս երկրորդ կեսը, չէ՞ որ այն մարդն ինձ խոսք էր տվել, որ կտանի Երևան…
Այդ մտածմունքների մեջ էի, երբ Լևոն Գրիգորյանը մոտեցավ ինձ ու ասաց.  ,Սո՛ս ջան, սեպտեմբերին քեզ կհրավիրեմ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոնե:Ահա և Ձեզ պատմեցի իմ իրականացված երազը, որն անշուշտ, հավատքի զորության արդյունքն էր:
-Երևանում էիք, թատրոնում, հետո՞…
-Աշխատեցի 2 տարի և թողեցի թատրոնը, չգիտեի` ուր գնալ, ինչ անել, չէի կողմ-նորոշվում, չէի գտնում իմ ճանապարհը: Մոտենում էր և բանակիս տարիքը…Դեռ 18 տարեկան չկայի, աշխատանք էի փնտրում, հայտնվեցի կինոստուդիայում և սկսեցի դերեր կրկնօրինակել:Իմ բախտը բերեց` այդ գործով զբաղվում էին Սունդուկյան թատրոնի հայտնի դերասաններ Գուրգեն Ջանիբեկյանը, Գեղամ Հարությունյանը: Նրանք խոսեցին Գուլակյանի հետ, ով ասել էր, թե ինձ տեսել է բեմում և հավանել է, բայց քանի որ չունեի բարձրագույն կրթություն, չընդունեց ինձ աշխատանքի, չնայած շատ կարդացած էի: Մարատ Մարինոսյանը, Սարգիս Արուտչյանը ստիպեցին, որ սովորեմ, բարձրագույն կրթություն ստանամ: Չէի ուզում:Այդ տարի Գյուլակյանը կուրս էր հավաքում, ինքն էր գլխավոր ռեժի-սորը: Դեկտեմբերյան մի օր, մի երիտասարդ եկավ` Ալբերտ Գրքաշարյանը և ասաց, որ Վարդան Նիկիտիչը ինձ կանչում է. գնացի և ասաց, որ ինձ ընդունել է միանգամից երկրորդ կուրս: Ընդունվեցի, սովորեցի: Մեր ռեկտորն այն ժամանակ Վավիկ Վարդանյանն էր` հրաշք մարդ, բարի, շատ խելացի, տաղանդավոր: Սկսեցի դերեր խաղալ` Չեխովի ,արջըե, Օստրովսկու ,անտառըե…
Նորից թատրոն, նորից բեմ, ուր մկրտվել էի իբրև դերասան և որքան էլ ուզեցի դառնալ ուրիշ մասնագետ, միևնույնն է, թատրոնը դարձավ իմ կյանքը:
Երկար տարիներ աշխատել եմ թատրոնում, բայց երկու անգամ դիմում եմ գրել իմ կամքով, որ դուրս գամ աշխատանքից, 2 անգամ էլ հեռացրել են…
-Հեռացնել Սոս Սարգսյանի՞ն…
-Հա՛,  ինչու՞ եք զարմանում, երբ սկզբունքներիդ դեմ բաներ չես ուզում անել, չես հրաժարվում ինքդ քեզնից, քո էությունը չես ուզում խաթարել, այդպիսի բաներ էլ են պատահում:
-Ե՞րբ ստեղծվեց Համազգային թատրոնը…
-1991-ին:Սունդուկյանի անվան թատրոնից դուրս եկան տաղանդավոր դերասաններ: Թատրոնից հեռացան նաև Մետաքսյա Սիմոնյանը, Մայիս Կարագյոզյանը և ուրիշներ: Մհեր Մկրտչյանը ստեղծեց իր թատրոնը:Շատերը հավաքվեցին իմ շուրջ և ստեղծեցինք նոր թատրոն` Համազգայինը, որն սկզբում գործում էր Գրողների միության շենքում: Խաղացինք առաջին պիեսը` Էդուարդո Ֆիլիպպոյի ,Թաղապետըե: Հետագայում տեղափոխվեցինք Ժուռնալիստների միության շենք: Երբ դարձա Գեղարվեստաթատերականի պրոռեկտոր, տեղա-փոխվեցինք Թատերականի շենք:
-Համազգայինը մեկնու՞մ է հյուրախաղերի:
-Իհարկե՛:Հյուրախաղեր ենք ունեցել Սփյուռքում:Վերջերս եղանք Բեյրութում: Եղել ենք Ստեփանավանում, Ղարաբաղում, Թեհրանում, 1 ամիս 10 օր եղանք Մոսկվայում, Ռոստովում:
Մեր թատրոնը միշտ շարժման մեջ է:
– Ձեզ լա՞վ եք զգում Ձեր թատրոնում:
-Իհարկե՛:Այս թատրոնը հիմնականում սկսեց իր գործունեությունը` համալրվելով երիտասարդ դերասաններով:Այժմ կուրսի ղեվավար եմ, ներկայացումներ եմ բեմադրում:
-Տաղանդավոր երիտասարդներ ունե՞նք:
-Այո՛, կան շատ տաղանդավոր երեխաներ:Ես դեմ եմ այն թյուր կարծիքին, թե այս նոր սերունդը լավը չէ, տաղանդավոր չէ:Շատ են շնորհալիները, նաև ազնիվ են, վեհ են: Առողջ սերունդ է, ու ես շատ կապված եմ նրանց հետ:
-Ի՞նչ ավանդույթներ են եղել թատրոնում, որոնք կուզենայիք պահ-պանվեին:
-Շատ եմ ուզում, որ խաղացանկային թատրոնը պահպանվի, դա թատերական արվեստում մեծ գյուտ է և պիտի պահպանել: Թատրոնը պահպանողական հիմնարկ է, օջախ  է, որքան հավատարիմ մնանք ավանդույթներին, այնքան ավելի հզոր կլինենք:
– Վարպետ,Դուք կարողացաք  հավասարապես նվաճել թե հայ թատ-րոնի բեմը, թե՛ կինոյի դաշտը:  Նկարահանվել եք շատ ֆիլմերում, սա-կայն մեր հանդիսատեսը ավելի տպավորված է ,Ձորի Միրոե, ,ճերմակ անուրջներե, ,Խաթաբալաե ֆիլմերում խաղացած Ձեր դերերով և, իհար-կե, ,Մենք ենք մեր սարերըե ֆիլմը, հիշենք, ,Գիքորըե:
-Այո՛, թե թատրոնը, թե՛ կինոն դարձան իմ տունը, շունչը, իմ կյանքը: Թատրոնը մի ուրիշ աշխարհ է, կինոն` բոլորովին ուրիշ:Կինոն հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժի, տարածքային առումով ասես ավելի ազատ ես:
Ես ինձ հավասարապես լավ եմ զգացել երկուսում էլ:
-Պատմեք խնդրում եմ, վերհիշեք., մի հետաքրքիր դեպք նկարահանումներից:
-Ասեմ, որ ,Մենք ենք, մեր սարերըե նկարահանվել է Իջևանի Խաշթառակ գյուղում` հրաշալի մարդիկ, հրաշալի բնություն:Ես հյուրանոց չգնացի, մնում էի Շիրակ և Շուշան Խանումյանների տանը…
-Ես ծանոթ եմ այդ օրերի պատմություններին, շարունակե՞մ…
-Հա՛, իհարկե…
-Եվ դուք, քաղաք գնալիս, ապսպրում էիք Շուշանին, որ Շերենցին չթողնեն Ձեր անկողնում քնի, քանի որ Շերենցը գրիմով պիտի կեղտոտեր անկողինը:
Հետո շատ էիք հավանել Շուշանի պատրաստած սիբեխով ճաշը, նկարահանումների ավարտից հետո էլ Շիրակի եվ Շուշանի ընտանիքին որպես հիշատակ` նվիրեցիք այն ժամանակների համար շատ մոդայիկ Սայաթ-Նովայի նկարով հեռուստացույցի վրա գցելու թավշյա ծածկոցը:
Զարմանում ե՞ք…Այս ամենի մասին պատմել է նրանց որդին`, Armenian timesե-ի գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանը:
-Տեսնու՞մ եք, թե կինոն ինչ հնարավորություններ է տալիս…
-Կա՞ մի երազած դեր, որ այդպես էլ չխաղացիք, բայց հնարավոր է, որ այժմ խաղաք:
-Երազում էի խաղալ Չեխովի ,Քեռի Վանյանե, Շեքսպիրի ,Մակբեթըե, Հրանտ Մաթևոսյանի ,Տերըե, չստացվեց:Այժմ հնարավոր չէ խաղալ, տարիքս չի ներում:Դերասանը պետք է ոչ միայն առողջ լինի, այլև ֆիզիկական ուժով լեցուն:
-Ի՞նչ պիեսներ եք գերադասում բեմադրել:
-Հնարավորինս` ազգային գործեր:Թատրոնի ձգտումը պիտի լինի ազգային գործերի բեմականացումը:
-Ձեր խաղացած ամենալավ դերը:
-Չեմ կարող պատասխանել, որովհետև երբ վերհիշում եմ, տեսնում եմ, որ յուրաքանչյուր դեր ունեցել է իր առավելություններն ու թերությունները:Ես իմ դերեերի դատավորը չեմ կարող լինել, ժողովուրդը, հանդիսատեսն է որոշողը:
-Վարպետ, մեդալներ, շքանշաններ, կոչումներ ունե՞ք…
-Ես Սովետական Միության ժողովրդական արտիստ եմ:Ունեմ, և՛ մեդալներ, և՛ շքանշաններ, և՛ պատվոգրեր, ¥այստեղ Սոս Սարգսյանը արքայական ժպիտով ասաց, որ իր ունեցած մեդալները իրականում Բրեժնևի ունեցած մեդալներից էլ շատ են¤,  ինձ համար ամենակարևորը եղել և մնում է ժողովրդի սերն ու գնահատականը:
– Փառքը ինքն է քայլել Ձեր ետևից, հաջողությունն ասես Ձեր ստվերն է եղել, այդպե՞ս է…
-Ես չգիտեմ, թե ինչ է փառքը և չեմ էլ մտածել դրա մասին, փոխարենը գիտեմ, որ կա Թումանյանական խորիմաստ փիլիսոփայությամբ ամրագրված
,Գո՛րծն է անմահ,լա՛վ իմացեք,  Որ ապրում է դարեդար…ե բանաձևը:
-Ի՞նչ ասացվածք, խրատ, պատգամ, թևավոր խոսք կա, որ սիրելի է Ձեզ, և Ձեր կյանքի ընթացքում հաճախակի եք կրկնում:
-Թումանյանի յուրաքանչյուր քառյակ մի պատգամ է ինձ համար:
Յուրաքանչյուր տարիք մարդու կյանքում այլ կերպ է դրսևորվում:
Հիմա ես այն տարիքում եմ, որ ինքս ինձ բռիս մեջ եմ պահում, որ որևէ սխալ չանեմ, շատ զգաստ եմ ինքս իմ նկատմամբ:Այն, ինչ ստեղծել է ժողովուրդը` ասացվածք, խրատ, դարերի միջով է անցել, հասել մեզ, բռնել ժասմանակի քննությունը և միշտ էլ օգտակար է եղել մարդու համար:
-Ո՞վ է Ձեզ համար հայ մարդը:
-Հայ մարդը հրաշք է ինձ համար: Խեղճ, անճար, գող, կաշառակեր հայ չեմ ուզում տեսնել:Արժանապատիվ հայեր եմ ուզում տեսնել:
Աշխարհը, մարդն այս տարիքում նոր ու նորովի է բացվում ինձ համար:
Ես հայրենիք ունեմ, ընկերներ, բարեկամներ:Ուզում եմ այս ամենը տեսնել երջանկության մեջ: Ուզում եմ ինձ համար նորից հայտնաբերել աշխարհը, բացահայտել մարդու և բնության առեղծվածը:Ուզում եմ գնալ Լոռի, մտնել Դեբեդի կիրճը:Կուզեի գնալ Ստեփանավան, մի տնակ ունենալ, մի կտոր հող, ծառեր ու ծաղիկներ աճեցնել, ջրել, գլուխս դինջ ապրել:
-Հաճախում ե՞ք որևէ հասարակական վայր, կինո, թատրոն, օպերա, համերգ…
-Մեր թատրոն եմ հաճախում:Ժամանակս քիչ է:Ես երկու տնկարան ունեմ, պիտի հետևեմ ծառերին, տնկիներին, խնամեմ:
20 միլիոնի տնկիներ եմ անվճար բաժանել:Փորձում ենք գյուղերի ճանապարհները զարդարել դեկորատիվ ծառերով, գեղեցկացնել, աչք շոյող դարձնել:
Սամվել Կարապետյանն է օգնում, հովանավորում:Էս ժողովրդին, սերունդներին, երկրին պիտի նվիրվել, անել հնարավորինը, որ հայրենիքդ, քաղաքները, գյուղերը գեղեցիկ ու բարեկարգ լինեն:
-Իսկ հեռուստացու՞յց, թերթե՞ր…Երբեմն նայու՞մ եք, աչքի անցկացնում:
-Հեռուստացույց շատ քիչ եմ նայում, քիչ եմ կարդում թերթեր, միայն տեղեկություններ, լուրեր եմ նայում…
Շատ եմ բարկանում.փողոցի լեզուն դարձել է հեռուստատեսության, եթերի լեզու…Ու՞ր մնաց մեր ոսկեղենիկ, գեղեցիկ մայրենին, բա ո՞վ պիտի խոսի այդ լեզվով, ի՞նչ են սովորեցնում, քարոզում երեխաներին, դպրոցականներին, ջահելներին:Նայելու բան էլ չկա:Հայոց լեզվի այդօրինակ վայրագության դեմ ով՞ պիտի պայքարի.չէ՞ որ այդ լեզվի համար կռիվ են տվել Աբովյանը, Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը…
Չի՛ կարելի այդ լեզուն աղտոտել…
Օրինակ` ես շատ եմ սիրում և ընդունում մեր բարբառները և երբեմն իմ բեմադրությունների մեջ տեղին գործածում եմ:Սա ուրիշ բան է:
-Վարպե՛տ, լսել եմ, որ նաև գրում եք, ինչի՞ մասին են Ձեր գրվածքները:
-Մի քանի գիրք ունեմ` ,Կանչե ¥հուշեր, խոհեր¤,  ,Լակոտըե ¥մի փոքրիկ վիպակ է¤, ,Պատառոտված ժամանակըե վիպակն էլ խորհրդային կարգերի մասին է:
-Սիրելի՛ վարպե՛տ, համոզված եմ, որ Դուք կարող էիք ապրել ցանկացած երկրում և դարձյալ Մեծ լինել, համոզված եմ, որ հրավերներ էլ եք ունեցել դրսում ապրելու եվ աշխատելու, ինչու՞ չեք գնացել…
-Ճի՛շտ եք, ունեցել եմ և՛ հնարավորություն, և՛ հրավեր, բայց չեմ գնացել, չեմ հեռացել իմ երկրից:
Սիմոնովը ինձ հրավիրում էր Վախթանգովի թատրոն, գիտեի, որ շատ մեծ ապագա կունենամ, բայց չգնացի, չէի կարող:Հավատում եմ Աստծուն, հավատում եմ, որ Հայաստանը զորությունների երկիր է  և  ծաղկելու է դեռ, գալու են ավելի լավ գարուններ:
-Բեմում, կինոյում  ո՞վ է եղել Ձեր լավագույն խաղընկերը, ¥խաղընկերները¤, ում  հետ և՛ հետաքրքիր էր խաղալ, և՛ հաճելի, և ումից միշտ ինչ-որ բան կար սովորելու:
-Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան,Մհեր Մկրտչյան:
-Գաղտնիք չէ, որ ռեժիսորի պրոֆեսիոնալիզմով, ընդգծված տաղանդավոր անհատականությամբ է հաճախ պայմանավորվում դերասանի խաղը, հաջողությունը:Ո՞վ է եղել Ձեր ամենալավ ռեժիսորը:
-Հենրիկ Մալյանը:
-Ինչո՞վ կբացատրեք այսօրվա մտավորականների պասսիվությունը, չեզոք կարգավիճակը. չէ՞ որ մեր մտավորականները միշտ եղել են  ամենահամարձակ քայլերի ջահակիրները, նրանք հասարակության, երկրի քաղաքականության կյանքում եղանակ են փոխել:
-Չունենք այդ որակի մտավորականներ,եղածներն էլ ուրույն աշխարհայացք, լայնախոհություն չունեն, դեմոկրատիա ասածը կերավ մեր մտավորականությանը:
-Ի՞նչ է Ձեզ համար անկախությունը:
-Մի աստվածային պարգև է, մի գաղափար, որը չափազանց դժվար է ըմբռնել, յուրացնել, հասկանալ, մանավանդ որ մեր ժողովուրդը դարեր շարունակ զուրկ է եղել պետական մտածողությունից:
-Եթե հրաշքով լինեիք երկրի նախագահ, ինչի՞ց, որտեղ՞ց կսկսեիք բարեփոխումները:
-Շատ բարդ հարց է. ի՞նչ ունեինք, ի՞նչ չունեցանք, ի՞նչ մնաց…Կոմունիստները մեզ թողել էին բարգավաճ մի երկիր, պետք էր այդ հարստությունը պահպանել, ոչ թե ալան-թալան անել:Որքա՜ն գործարաններ կային հենց միայն Երևանում, որքա՜ն աշխատատեղեր. դրանց մեծ մասը վեր է ածվել ավերակի,մետաղի ջարդոնի:
Եթե ես լինեի նախագահ, առաջին հերթին կհաշվագրեի ունեցածը և ամեն մի ղեկավար անձի վրա պարտականության կդնեի, որ պահպանվի եղածը:Ամեն գործարան կհաշվագրեի և կդնեի նախագահի անմիջական հսկողության տակ:Շուկայական փոխհարաբերություններում դեմոկրատիան վաղուց կորցրել է իր արժեքը, ավելին` դեմոկրատիա չի էլ եղել ողջ աշխարհի մակարդակով ու չի էլ կարող լինել:
-Իսկ արվեստում որտեղի՞ց, ինչպե՞ս կսկսեիք  բարեփոխումները:
-Արվեստում պետք չեն բարեփոխումներ. արվեստը պիտի գտնվի պետական հոգածության ներքո, արվեստն է ստեղծում հասարակության գաղափարախոսությունը:Պետությունը իրավունք չունի անտարբեր լինելու արվեստի, մշակույթի հանդեպ.պիտի հետևողական և հոգատար լինի, իմանա, թե ինչ է կատարվում այդ բնագավառում, ինչ քաղաքացիներ ենք թողնում ապագայի համար:Իշխանությունները հավիտենական չեն. կյանքն առաջ է շարժվում, ժամանակը թռչում է:Գալու են նոր սերունդներ, ի՞նչ ունենք թողնելու նրանց:Կինոն, թատրոնը մեծ ուժ ունեն, մեծ ներգործություն են թողնում ժողովրդի վրա:
Ժողովրդի ճաշակը պիտի բարձրացնել.անհեթեթ բաներ են ասում, թե այն, ինչ ցուցադրվում է, ժողովրդի պահանջարկն է, ճաշակը…Եթե անընդհատ նույն անճաշակությունն ես հրամցնում, ժողովրդի մի մասը սովորում է դրան:Այդպես չի՛ կարելի, նորից եմ ասում`պիտի բարձր ճաշակ ձևավորել:
Անդրե Մորուան ասել է. ,Մասսայական կուլտուրան պատնեշ է կուլտուրայի և հասարակության միջևե:
-Հանճարեղ դերասանների մի աստղաբույլ ենք ունեցել.նրանցից  ով  ի՞նչ նշանակություն է ունեցել, ի՞նչ դեր է խաղացել ժողովրդի կյանքում:
-Ես պիտի տամ Հրաչյա Ներսիսյանի անունը:Նա ասպարեզ եկավ և գործ ունեցավ մի ժողովրդի հետ, ով մի կերպ փրկվել էր եղերական վայրագություններից, պահպանել հայի գոյը, տեսակը, փորձում էր վերապրել, շտկել մեջքը, մի ժողովրդի, ով իր մաշկի վրա կրել էր արյունախում հեղափոխության դրոշմը, կուլակաթափությունը, 30-ականների սովը, ստալինյան բռնապետական ռեժիմը, Հայրենական մեծ պատերազմը, քաղցը…Ծեծված ու ջարդված էր հայ ժողովուրդը, ու հայտնվեց Նա`մի հրեղեն դերասան`Հրաչյա Ներսիսյանն ու ասաց. ,Նայե՛ք ինձ, ես ձեզնից եմ ծնվել, նմանվե՛ք ինձե, և ժողովուրդը լսեց ու հավատաց նրան, նրա խելքին, հանճարին, գեղեցկությանը, մեծ հմայքին:Սա՛ էր իսկական դերասանը, ով ինչ-որ բան էր տալիս ժողովրդին, փորձում վեր բարձրացնել նրան, հույս ու հավատ ներշնչում ապագայի հանդեպ:
…Երբ 47-48 թվերին եկա Երևան, քաղաքը քաղաքի նման չէր, փողոցները գորշ էին, մարդիկ`մռայլ, 3-4 սիրուն կին կար երևի, տղամարդիկ`գլխահակ, կքված:
Հրաչյան այդ ծնկաչոք ժողովրդին ոտքի կանգնեցրեց և ասաց.,Գնացե՛ք, արարեքե, և սկսվեց մեր ռենեսանսը, հայ ժողովրդի վերածնունդը:
Ես ուզում եմ, որ ամեն մի դերասան հասկանա, որ ինքը լոկ դեր ասող չի, այլ` ժողովրդին միտք, գաղափար, շունչ հաղորդող:
-Ի՞նչ կասեք այսօրվա կինոյի մասին:
-Բան չունեմ ասելու:Չգիտեմ, թե ինչ են նկարում:Կինո նկարում են ոչ թե ժողովրդի, այլ փառատոների ներկայացնելու, մրցանակներ ստանալու համար:
-Ձեր խաղացած բոլոր դերերը սիրելի են ժողովրդին:Իսկ Ձեզ համար ամենահոգեհարազատ կերպարը ո՞րն է:
-Ձորի Միրոն:Այս կերպարը ինքնաբուխ էր, ինքն իրեն ծնվեց ու ապրեց իմ մեջ:
-Ձեր սիրած գրողը…
-Շա˜տ, շա˜տ եմ սիրում Թումանյանին, Համո Սահյանին, Հրանտ Մաթևոսյանին: ԸՆդհանրապես, բոլոր հայ գրողներին բարձր եմ գնահատում:Այս առումով մեծ, հարուստ ժառանգության տեր ենք:
-Ո՞ր երգն եք  ժամանակ առ ժամանակ ինքներդ Ձեզ համար երգում, մրմնջում…
-Կոմիտասի ,Սոնա յարե-ը…Շատ եմ սիրում ու քթիս տակ երգում եմ…
Ի՜նչ մաքուր կարոտ, սեր, լույս կա այդ երգում:

 

Հենց այս երգի` սիրո, կարոտի լույսի շաղախով էլ ավարտվեց հարցազրույցը մեծ դերասանի, մեր ժամանակների իրական առասպելի, հայ թատրոնի ու կինոյի Նահապետի` Սոս Սարգսյանի հետ:

 

Կարինե Ավագյան

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards