ԽԶԲԶՈՑՆԵՐԸ ԴԵՆ ՄԻ ՆԵՏԵՔ
Հեռախոսով խոսելիս (դասերի ժամանակ, ժողովների մասնակցելիս) մենք երբեմն, գրեթե անգիտակցորեն, թղթի վրա սկսում ենք նախշեր, մռութներ կամ երկրաչափական ֆիգուրներ խզբզել։ Մի շտապեք դեն նետել ձեր ,ստեղծագործություններըե։ Հոգեբանները համոզված են, որ մեր խզբզոցները կարող են շատ բան պատմել բնավորության կամ տրամադրության մասին։ Եվ այսպես, եթե դուք նկարում եք…
1. Պարուրագծեր, գալարներ, շրջանակներ, ալիքաձեւ գծեր։ Ուրիշների պրոբլեմները ձեզ այնքան էլ չեն հուզում կամ ընդհանրապես չեն հետաքրքրում, խանգարում են ձեզ կամ էլ հոգնեցուցիչ են թվում։ Երբ դուք ստիպված եք լինում զբաղվել ուրիշի գործերով, ապա ցանկանում եք հնարավորինս չափ շուտ պրծնել դրանից։ Ինչո՞ւ։ Ձեր ուշադրությունը տվյալ պահին կենտրոնացած է լինում ձեզ վրա։ Հնարավոր է, դուք թեթեւակի ճգնաժամ եք ապրում եւ ձեզանից պահանջվում է ինչ-որ որոշում կայացնել։ Եթե նկատում եք, որ սկսում եք պարույրներ նկարել, ապա նկատի ունեցեք. հարկավոր է վերահսկել ձեզ, որ չպոռթկաք եւ զրուցակցին վիրավորանք չպատճառեք։
2. Ծաղիկներ, արեւ, ծաղկաշղթաներ։ Հոգու խորքում դուք բոլորովին էլ ուրախ չեք, ինչպես դա կարող է թվալ։ Ավելի շուտ հակառակը։ Դուք ավելի շատ երազում եք մտերմության եւ քնքշանքի մասին։ Իսկ լեզվին գտնվող խոսքերն ակամա տեղափոխում եք թղթի վրա. ,Ուշադրություն դարձրու ինձ վրաե։ Եթե ձեր ձեռքը սկսում է ծաղիկներ կամ արեւ գծագրել, ապա շտապեք գնալ լավ ընկերների մոտ, կամ էլ, ծայրահեղ դեպքում, առաջիկայում աշխատեք մարդկանց շրջապատում գտնվել։
3. Ցանցեր։ Դուք զգում եք, ու անհարմար դրության կամ ռիսկի հետ կապված իրավիճակի մեջ եք հայտնվել։ Վճռական, հաստ ամեն գիծը մի գրոհ է, որը դուք չեք համարձակվում նախաձեռնել։
Եթե դուք ձեր նկարը շրջանակի մեջ առնեք, ապա դա կնշանակի, որ պրոբլեմը լուծված է, ծայրահեղ դեպքում՝ գոնե արտաքուստ։ Դուք առավել հաճախ հակված եք կուլ տալ վիրավորանքն ու զայրույթը։ Իսկ դա վտանգավոր է։ Ձեր հոգում կուտակվում է հիասթափությունը, եւ դուք ձեզ ավելի ու ավելի դժբախտ եք զգում։
4. Միահյուսված սրտեր։ Դուք զգացմունքներով լեցուն եք։ Ուզում եք համբուրել ողջ աշխարհը։ Ուշադրություն դարձրեք. որքան խիստ են այն խոսքերը, որոնք դուք արտաբերում եք, այնքան ավելի մեծ չափեր է ընդունում ձեր նկարը։ Պետք չէ այդքան սառը պահել իրեն, այդ աստիճան թաքցնել սեփական զգացմունքները։ Արտահայտեք, դրսեւորեք դրանք։
5. Խաչեր։ Խաչեր շատ հաճախ են պատկերում։ Կանայք դրանց սովորաբար զարդարանքի տեսք են տալիս, տղամարդկանց մոտ դրանց գծագրումներն ավելի խիստ տեսք ունեն։ Երկու դեպքում էլ խաչերը մեղավորության զգացում են նշանակում, որն ամենայն հավանականությամբ ծագել է զրույցի ընթացքում։ Ինչ – որ բան ծանրացել եւ ճնշում է ձեզ։ Կամ դուք եք ձեզ մեղադրում, կամ էլ զրուցակիցն է ձեզ դատապարտում ինչ – որ բանի համար։ Հարկավոր է անպայման քննարկել պատճառը, թեեւ պարտադիր չէ դա հենց նույն րոպեին անել։ Հակառակ դեպքում դուք դեռ երկար եք տանջվելու։
6. Քառակուսիներ, եռանկյուններ եւ այլ երկրաչափական պատկերներ։ Մի բան պարզ է. ձեզ մոլորեցնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Դուք հստակ նպատակներ ու համոզմունքներ ունեք, երբեք չեք թաքցնում ձեր տեսակետը։ Դուք հազվադեպ եք վախենում ձեր հակառակորդներից ու մրցակիցներից։ Սովորաբար կենտրոնացած եք։ Նկարում որքան ավելի շատ են սուր անկյունները, այնքան դուք ագրեսիվ եք, թեկուզ արտաքուստ դա միշտ չէ, որ նկատվում է։ Այս հատկանիշը կաշկանդում է ձեր երեւակայությունը եւ թույլ չի տալիս ձեզ թուլանալ։ Աշխատեք իրերին ու երեւույթներին ավելի պարզ նայել։
You must be logged in to post a comment Login