Առեղծվածի կապույտ քառակուսին

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

Ծովը, միայն ծովը… և ամեն ինչ ասված է: Հորիզոնից -հորիզոն` ծով, մայրցամաքից -մայրցամաք ` ծով, ծովի արքայություն, ծովի գալակտիկա: Ամենուր և  ամեն ինչ համեմատելի է, բայց ինչի՞ հետ համեմատես ծովի վեհությունն ու ծովի խորությունը, ծովի փոթորիկն ու ծովի ծովությունը: Ով ծով չունի, ոչինչ չունի` ծովի կարոտից բացի:
Մալևիչի “Սւ քառակուսու” պես ծովն էլ առեղծվածի “կապույտ  քառակուսին” է` ժամանակի արծաթե շրջանակի մեջ: Այդ անդուլ և անքուն ծովը աշխարհ ցնցող իր տարերքի մեջ կրճատում և ընդալայնում է ծովի և ցամաքի սահմանները, կղզիներ ու արշիպելագներ է տանում ներս և դուրս հանում նորերը, հարդարում և ավերում է իր հին ու նոր ափերը, սրբագրում իր ափերին  հանգրվանած մեծ ու փոքր քարափների ուրվագծերը:
Ինչպեսի~ անհամար գանձեր, ջրասույզ նավերի Ինչպեսի~ հավաքածուներ, կործանված աշխարհամասերի ու քաղաքակրթությունների Ինչպեսի~ հետքեր ու հիշողություններ ասես, որ չի պահում ծովն իր կապույտ  քառակուսու կապույտ գաղտնարաններում:
Նայիր ծովի “կապույտ  քառակուսուց” ներս, և զարմանքից կկտրվի շունջդ նրա բազմաշերտ  խորքերում եռացող կյանքի անսպառ ձևերից: Ոչ մի կասկած, որ կյանքի սկզբնանյութը, հենց ինքը` կյանքն արարվել է ծովում և հետո միայն գնացել դեպի ցամաք:
Ծովը, միայն ծովը… և ամեն ինչ ասված է: Այնտեղ`ժամանակի  կապույտ  ափերում անդադար ծփում են կապույտ  ծովերը, հարազատ ափերից դեպի անհայտ  հեռուներ են լողում ճերմակ առագաստանավերը, ծովերի կապույտ հորիզոններից անդին վառ շողշողում են սիրո և հույսի կապույտ աստղերը:
Ծովը կանչում է … ծովը միշտ էլ կանչում է … Օ~, երիտասարդ բարեկամ, եթե լսում ես ծովի կանչը, եթե ոսկեծուփ հարստության մեջ անգամ սիրտդ նեղվում է աղքատությունից, էլ մի սպասիր հրաշքի, դուրս արի հոգիդ  մաշող “դեղին քառակուսու” դեղին տաղտուկից և գնա, գտիր քո ծովը…Ես` նախկին ծովայինս, ավա~ղ, ծեր եմ արդեն և չեմ կարող գտնել հեռուներում թողած իմ ծովերը: Բայց իմ բախտն այսօր բերել է` ես այսօր խաղաղ օվկիանոսի և Ամերիկայի թիվ մեկ մայրուղու  հյուրն եմ, մայրուղի, որն անընդհատ անցնելով խաղաղականի ափերով, ոլորվելով, ծալմլվելով, ճկվելով ու դզվելով, թռչելով ձորերի ու կիրճերի վրայով` Սան Ֆրանցիսկոյից ինձ տանում են դեպի Լոս Անջելես:
Ասում են` աշխարհում երկու բան կա, որ անվեջ կարող ես նայել, և առաջինը ծովն է: Մեքենայի պատուհանից ես անթարթ նայում եմ օվկիանոսի ոսկեզօծ ափերին, նեղ ու լայն ծովածոցերին, ծովափնյա  ուղղաբերձ  լեռների կատարներին: Ծովի ծովությունը, ծովի  խոր շնչառությունը ինձ ձգում-տանում է  իր խորունկ աշխարհը: Եվ ես զգում եմ թարմ ծովաքամու, փափուկ ծփացող ջրերի և ծովախառն օդի համը, մինչև հատակը պարզ ջրերի մեջ կանգնած ծովափնյա քարափների ու դեղնավարդագույն ծովաբուստերի համը:
Ո՞վ չգիտի, որ ծովի հատակից մինչև մակերես խլխթում է  կյանքը: Նայի’ր, և հիացի’ր, նայի’ր, և զարմացի’ր…Ինչպե՞ս չնայես  խելացի և մարդամոտ դելֆիններին, որոնք արևոտ ծովածոցի ջրերում իրենց զգում են ինչպես դրախտում:Նրանց պտուտակաձև թռիչքներն ու խանդավառ ճախրը կապույտ ջրերի վրա նման է հրաշագեղ ծովահանդեսի: Այդ զարմանահրաշ ծովաշխարհը, ո՞նց  չնայես, թե ինչպես են  փոկերն ու ծովակատուները սլանում ձկնապարսերի ու անձրուկների վտառների ետևից, թե ինչպես են ծովացուլերը հարեմներիվ արևկողանում ծովափնյա բազալտե սալերի վրա: Ո՞նց չնայես, թե ինչպես են ջրակտցարները, խոյահարող կործանիչի պես, թևերը կողերին սեղմած, սրընթաց սուզվում ծովի ալիքների մեջ և դուրս թռչում թպրտացող ձուկը կտուցին: Ո՞նց չնայես, թե ինչպես են թևերը ծովի ալիքներին քսելով, երկինք բարձրանում ծովարծիվները, ծովօրորներն ու ճայերը: Ծովափնյա ջրերից մեզ նայող մարդակերպ- կենդանակերպ վիմաձոնձերը, քարակերտ  բարձր ձողաջահերը, հուլունքի պես ողորկ մեծ ու փոքր գլաքարերը, ծովափնյա սպիտակ, կարմիր և դեղնակարմիր ավազները, կողը կամ ցիցը փշրված և ափ շպրտված նավակներն ու մակույկները, ծովի կապույտ հայելու վրա կախված ժայռոտ քարափները, նոսրիկ ջրերի միջից վառ գույներով  փայլփլող մարջանային կարալներն ու ծովաբուստերը, բոլորն իրենն են: Անվերջ նկարում է, ջնջում, արարում և արարում…
Ծովը և ճանապարհը, միմյանցից անբաժան, ոսկեհյուս բնապատկերների միջով Սան Ֆրանցիսկոյից գնում են դեպի Լոս Անջելես: Երջանիկ բերումով, ես`  այսօր, ծովի և ճանապարհի հյուրն եմ և ուղեկիցը: Թիվ առաջին մայրուղին զարմանալի հմտությամբ թևածում է փոքր ու մեծ անդունդների, ձորերի ու ձորակների վրայով, հաղթահարում ցանկացած արգելք, որ ստիպված չլինի թեկուզև կարճատև մի պահ հեռանալ ծովից:
Առջևում ծովի կատարմամբ անհանմար բնապատկերները հաջորդում են միմյանց. անկանոն կտրտված ժայռոտ ափերով ֆիորդներ, սպրուտների տեսքով առղծվածային փոքր խութակղզիներ, հելլենական սյունաշարեր և տարակերպ  վիմաձոնձեր, քարե առյուծներ ու քարե դինոզավրեր, կողք-կողքի հավասարաչափ  շարված քարապատկերներ, որ կարծես Տիբեթյան քրմեր լինեն մտասուզման մեջ:
Կեսօրից հետո արթնանում են Էոլյան տավիղները. թե~թև, շատ թե~թև զեփյուռի հպումից տարածվում է ծովի քնքուշ մեղեդին: Ճանապարհը, սիրահարված ծովին, նոր արագություն է տալիս իր վազքին, շատ լավ իմանալով, թե ուր է տանում  ճամփորդին:  Ժամանակը շրջանցող  այդ խելահեղ վազքի մեջ հազիվ եմ հասցնում հետևել, թե ինչպես է թիվ մեկ մայրուղին հայտնվում ծովի գլուխգործոցներից մեկի առջև: Թիվ մեկ մայրուղին համաձայն է ինձ հետ, որ աններելի է այստեղով սրընթաց անցնելը, այստեղ պիտի կանգ առնել և խոնարհվել գեղեցկությանը: Դա դեղնավարդագույն, քարոտ  բարձունքներով օվկիանոսից առանձնացված քնքուշ մի ծովածոց է` ոսկե արևը վրան /ի դեպ, խորն այդքան գեղեցիկ լինել չի կարող/: Ջուրն այնքան մաքուր է, որ մեկիկ-մեկիկ երևում էին մանր ու մեծ գլխաքարերը, որոնց վրայով սահելով անցնում էին  մատնաչափ  ձկների վտառնեը:
Ափից մոտ  հարյուր ոտնաչափ խորքում հպարտորեն կանգնած էր տապարով տաշած մարդակերպ հսկա մի քարաքանդակ: Գուցե՞ ծովերի արքան էր ժամանակավոր քարացել այնտեղ: Ինչ-որ է` հսկայական հայելի հիշեցնող ծոցի վճիտ  ջրերից  ելնող անհամար քույր այլակները գալիս փարվում  էին ծովերի արքայի բազալտե թիկնոցի լայն փեշերին, շարունակելով իրենց ալիքաշար ուղին, շրշյուն-շշունջներով իրենց  թախծոտ  երջանկությությունն ավարտում ծովափնյա ոսկե ավազների վրա:
Ես մտածում էի , եթե ոչ այստեղ, ապա էլ որ՞ ջրերում են գիշերով, աստղոտ երկնքի տակ լողանում ճերմակիրան հայադներն ու տենչավառ նիմֆերը:
Այո’, ծովը բնանկարի հանճար է. տեսնելով կատարելության շրջանակի  մեջ դրված այդ սքանչելի կտավը , ո՞ր մեծանուն նկարիչը չէր նախանձի ծովի արվեստելու անհասանելի ձիրքին:
Ճանապարհը չէր շտապում և չէր շտապեցնում, ես էլ  ցանկություն չունեի բաժանվելու այդ քնքուշ  ծովածոցից, քարե արքայից, զմրուխտ անտառից եւ ծովափնյա ոսկե ավազներից:
Ափսոս, որ չես   կարող ծովի այդ հրաշագործությունը դնել շրջանակի մեջ և տանել քեզ հետ, ափսոս, որ դա ճակատագրով տրված մեկանգամյա  հանդիպման երջանկություն է, քանզի դու գնում ես, իսկ այն մնում է ինքն իր հետ, ինքն իր համար: Ինչ-որ մի տեղ, Ինչ-որ իմաստով, դա  և’ տիրավոր, և’  անտերունչ գեղեցկություն է: Մի կողմից տերը ծովն է, ինքը` օվկիանոսը, մյուս կողմից` չկան այստեղ ապրող մարդիկ, ամենօրյա շփման և ամենօրյա հիշողության մշտական կրողներ: Բայց նաև դժվար է այստեղ ապրել և պահպանել իր գոյի նախնական  ձևն ու ձևույթը: Այստեղ, այս գեղեցկության մեջ ապրող մարդը հեշտությամբ կարող է մոռանալ իրեն, կարող է դառնալ ծովերի քարե արձան , կարող է դառնալ ծովածոց, ծովի ալիք, ոսկե ավազ և անթարգմանելի շշուկ ու շշյուն:
***
Աննկատ և թախծաշշուկ անցնում է օրը: Արեգակի հրաշեկ գունդը, մայրամուտի դեղնալույս  հորիզոնը հատելուց առաջ, իրեն նետում է ծովի կապտաթույր ջրերի մեջ և ոսկեվառ գույներով ներկում ծովն ու ծովափնյա  լեռների բարձրաբերձ կատարները: Այդժամ  իմ մեջ մի ծածուկ ղգացողություն, շշնջաց, որ Աստծո պսակը վրան այսպիսի օրը չի կարող  հենց արյնպես անհետք և անհույս անցնել: Եթե Գոյարարը հղում է  այդ միտքը, օվկիանոսը չի կարող չզգալ և չլսել այն, որովհետև ինքն ամեն տեսակ օվկիանոս լինելուց  բացի, նաև բանականության օվկիանոս է: Ինչպես հարիր է մարդու բնույթին` ես և’ հավատում էի, և’  կասկածում: Բայց  խաղաղակաանն ինձ հուսախաբ չարեց: Եվ, օ~ զարմանք. մի պահ ծովի ջրերի մեջ լողացող արևի հրաշեկ գունդը, բազմաշերտ վարագույրների պես կախված գունավառ ամպերը, ծովի բոսորագույն ալիքներն ու լեռների շողշողուն կատարները միացան միմյանց և անհայտացան մարկասիտե մշուշների մեջ: Այդժամ ես չգիտեի, որ ես նույնպես  այդ զարմանալի փոխակեպության մեջ եմ, համատիեզերական  հավերժական գոյի մեջ. այդ նոր վիճակում ես զգում էի, բայց չէի տեսնում, տեսնում էի, բայց չէի  զգում; հավանաբար դա է հավերժական կյանքի գաղտնախորհուրդ ձևը, որի դեմ անզոր է ամենազոր ժամանակը: Երբ ցրվեց մշուշը, և  ամեն ոք  և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, ես վերստին ամենամեծ օվկիանոսի ափին էի, ամենագեղեցիկ ծովածոցի առաջ: Ես ինքնամոռաց նայում էի անհամար ալիքների քաղցրաշշուկ օրոր շորորներին, երբ լսեցի ծանոթ նավաշչակի ձայն. ծովածոցից հեռու, խոր ջրերի վրա, այնտեղ, ուր նախախնամության հղումով անցյալը և ներկան մի հատիկ անգամ հանդիպում են միմյանց, տեսիլքի պես հայտնվեց բարձր կայմերով սպիտակ մի առագաստանավ, հիշողությունս ցավեցնելու չափ  ծանոթ մի առագաստանավ: Սիրտս ալեկոծվեց ավելի ուժգին, քան` փոթորիկը ծովում: Հե~յ, անողոք ծերություն, ես արդեն չեմ ճանաչում ինքս ինձ, բայց երկնային ճերմակաթև հսկայական թռչունի պես իմ առագաստանավը ճանաչեցի: Ես կրկին լսեցի նավաշչակի ծանոթ ձայնը. իմ առագաստանավը ողջունում էր ինձ, միայն` ինձ: Ես ուղղեցի ժամանակի շոշափուկների մեջ կալկլված, սմքած ուսերս, որ վազեմ ծովի կապույտ ջրերի վրայով, որ շնչասպառ վազեմ իմ ճերմակ  առագաստանավի ետևից: Բայց նա ժամանակ չուներ ինձ սպասելու, ժամանակ չուներ ուշանալու, որովհետև իմ առագաստանավը լողում էր աստղային այլ ժամանակների մեջ: Աստղային աշխարհների ծովագնացը նավաշչակի սուլոցով ևս մեկ անգամ ողջունեց ինձ և, ճոճելով իր լայն  առագաստներն ու սահելով անցյալի հավերժական ջրերի վրայով, անհայտացավ հորիզոնի ոսկե մշուշների մեջ:
Հե~յ, անողոք  ծերություն, ինչո՞ւ, ինչո՞ւ գողացար իմ ջահելությունը. խիզախ նավորդ էի, կուրծքս բաց փոթորիկների դեմ և սիրտս լի երիտասարդ կյանքի սուրբ խռովքներերով: հիմա  ո՞վ, ո՞վ եմ ես…
Հրաժեշտի  սուլոցով գնաց, ընդմիշտ  հեռացավ իմ առագաստանավը,որի տախտակամածին կես դար առաջ գրել եմ իմ հավատամքն ու դավանանքը, իմ սիրո խոստովանությունը` ծովին ու ծովագնացներին:

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խիստ են ու խստապահանջ:
Մով հեռուները, ծով հեռուները
Գիշեր ու ցերեկ կանչում են նրանց:

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խոր են, ծովի պես կապույտ:
Նրանք են բացում   առագաստանները
Փոթորիկների խաղի դեմ անփույթ:

Ծովից են ծնվել նավաստիները,
Ծովի պես խիստ են ու խստապահանջ:
Ու եթե մի օր գնում են ընդմիշտ
Ծովը պահում է պատկերը նրանց:

***
Միայնականությունս էլ չի փնտրում ոչ մեկի, սերերս, ընկերներս, հեռու-մոտիկ բարեկամներս վաղուց մոռացել են ինձ: Բայց դու, օ~, Մեծն Խաղաղական, ոչ մեկի չես մոռանում, ոչինչ չես մոռանում: Ասա’, ինձ, խնդրեմ, այդ ինչպե՞ս ժամանակը շրջեցիր դեպի ետ և այդ ինչպի՞սի հրաշքով իմ առագաստանավը հանեցիր իմ դեմ, որ ես կյանքիս վերջալույսին ևս մեկ անգամ զգամ երջանկության համը: Միայնակությունս էլ չի փնտեում ոչ մեկի, բայց ահա Արևմտյան անծանոթ ժամանակների միջով եկել, գտել եմ քեզ, որ կյանքիս վերջին օրերը որպես մի ծեր թափառական քայլեմ քո սրբազան ափերով,  օ~, վսեմափայլ խաղաղական, օ~, վերջին սեր:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards