ԱՂՋԻԿԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱՌԵՂԾՎԱԾ
«ՌԵՆՏԳԵՆ»

Նատալյա Դեմկինան, որը մարդկանց տեսնում է ինչպես ռենտգենյան նկարի վրա, շարունակում է զարմացնել գիտնականներին: 19-ամյա այս աղջիկը ծնվել է Սարանսկում։ Այժմ նա Մոսկվայի Սեմաշկոյի անվան բժշկական ինստիտուտի ուսանողուհի է: Նատալյա Դեմկինան իր բացառիկ ունակությամբ զարմացրել է գիտնականներին եւ մեծ հետաքրքրություն առաջացրել նրանց մոտ: Նա արդեն հասցրել է լինել Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում: Միայն ամերիկացիներն են, որ թերահավատորեն են ընդունել նրա ունակությունները, քանզի յոթից միայն չորս հոգու էր նա տվել ճիշտ պատասխան: Մեկ տարի առաջ, ճապոնացիների հետ անցկացված փորձի ժամանակ, նրան հաջողվել էր ավելի լավ արդյունքներ ցույց տալ՝ յոթից հինգի դեպքում ճիշտ էր ախտորոշել: Այս անգամ Ճապոնիայից նա վերադարձավ 100%-անոց արդյունքով: Ընդ որում‘ նույնիսկ կարողացել է տեսնել կենդանիների մարմնի մանրամասները: Օրինակ‘ շան մարմնի մեջ տեղադրված պրոթեզ է հայտնաբերել:

Հայտնի է, որ ճապոնական հետաքրքրասիրությունը սահման չունի, մարդկանցից եւ կենդանիներից հետո նրանք խնդրել են Նատալյային փորձել ախտորոշել մարդկանց նկարների միջոցով: Ճապոնացիների զարմանքը նունպես սահման չի ունեցել, երբ Նատալյան ոչ միայն համաձայնել է ախտորոշել նկարների միջոցով, այլեւ կարողացել է ճիշտ ախտորոշել հիվանդությունը, անկախ այն բանից, թե նկարում ի՞նչ չափով եւ ի՞նչ դիրքով է պատկերված եղել մարդը: Օրինակ‘ նայելով անձնագրի նկարին, նա ախտորոշել է լյարդի քաղցկեղ մի հիվանդի մոտ: Նատալյան ինքն էլ չի կարողանում բացատրել, թե ինչպես է այդ ամենը տեսնում։ Ճապոնացիները իրենց հաջորդ փորձը ծայրաստիճան բարդացրել են: Նրանք բոլոր հիվանդներին հագցրել են անթափանց սեւ շոր, աչքերին դրել սեւ անթափանց ակնոցներ, իսկ ականջակալների մեջ ուժգին երաժշտություն են միացրել: Նատալյա Դեմկինային խնդրել են նստել մեջքով դեպի հիվանդները:

Նույնիսկ այս ծանրագույն պայմաններում նա կարողացել է ճիշտ պատասխաններ տալ: Օրինակ՝ նա նկարագրել է հիվանդի ոտքի մեջ տեղադրված պողպատե իմպլանտանտը, ճշգրիտ ասել մեկ այլ հիվանդի երեք ամսվա հղիության մասին: Նա նույնիսկ նկարել է այդ ամենը թղթի վրա: Ռենտգենյան նկարների հետ համեմատությունը ցույց է տվել այդ պատկերների նմանությունը։ Տպավորված Նատալյայի ունակություններով, Տոկիոյի համալսարանի դոկտորներ Մաչին, Ռիսկեն, Խիրոսին եւ Խիրոնոտին, որոնք երկար ժամանակ ուսումնասիրում են մարդու պարանոմալ հատկությունները, հոտնկայս ծափահարել են Նատալյային: Այդպիսի հրաշքի նրանք երբեք ականատես չէին եղել: Նրանք Նատալյային են հանձնել վկայական, որը փաստում է նրա արտասովոր ունակությունների մասին: Այդ վկայականում մասնավորապես նշվում է, որ ռուս աղջնակը օժված է ֆենոմենալ ունակություններով՝ ռենտգենյան տեսողությամբ, այսինքն՝ նա կարող է տեսնել մարդկանց ներքին օրգանները:

You must be logged in to post a comment Login

Մեկնաբանություն

newspaper templates - theme rewards